[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ԿՏՐՎԵՆ ԲԱՑԱՌԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԻՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

 

 

 Խորհրդակցություն վարչապետի մոտ Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 2-ին, գյուղատնտեսության բնագավառի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված աշնանացանի ցանքսի և բերքի իրացման հարցերին։

Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը։ Գյուղնախարարի տեղեկացմամբ՝ հանրապետության տարածքում արդեն 24,500 հա հերկ է կատարվել, որից 6,700-ի վրա արդեն իրականացվել են ցանքսի աշխատանքներ. այն նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ավելի է շուրջ 2,000 հեկտարով։ Գործադիրի ղեկավարը հորդորել է ժամանակ չկորցնել և առաջիկայում սպասվող եղանակային բարենպաստ պայմաններում հանրապետության թե՜ ցածրադիր, և թե՜ բարձրադիր գոտիներում ակտիվորեն շարունակել հերկի և ցանքսի աշխատանքները։ Վարչապետը նշել է նաև, որ ցանքսի հետ միասին անհրաժեշտ է ցանքատարածությունների և դրանց հարակից տարածքներում մոլախոտերի դեմ սրսկման աշխատանքներ իրականացնել՝ հետագայում հակահրդեհային պայքարի միջոցառումներն ավելի արդյունավետ դարձնելու համար։ ՙԵթե ժամանակին սրսկումներ իրականացնենք, ապա ավելի քիչ ֆինանսական միջոցներ ու ռեսուրսներ կծախսվեն հակահրդեհային պայքարի միջոցառումների ժամանակ՚,- ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ պետք է համալիր միջոցառումներ կազմակերպել նաև մկների և մկնանման կրծողների դեմ պայքարում։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև գարնանացան աշխատանքները խթանելու նպատակով վերջին տարիներին սև ցելի համար կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությանը։ Այդ կապակցությամբ վարչապետ Հարությունյանը նշել է, որ հաջորդ տարվանից ավելի արդյունավետ միջոց է ներդրվելու, և սև ցելի փոխարեն կառավարությունն այսուհետ խրախուսելու է ցանքաշրջանառությունը։ ՙԲացի սև ցելի արդեն կատարված աշխատանքներից, այլևս այդ նպատակով ֆինանսավորում չենք կատարելու։ Իսկ ցանքաշրջանառության համար, որպես գարնանացան մշակաբույսեր, հողամշակներին առաջարկվելու են հնդկացորեն, արևածաղիկ, ինչպես նաև՝ անասնակեր որոշ մշակաբույսեր, որոնց վեգետացիոն շրջանը կարճ է, և անջրդի պայմաններում կարելի է լավ բերք ստանալ՚,- ասել է վարչապետ Հարությունյանը։ Ա. Հարությունյանը հայտարարել է, որ կառավարությունը հանդես է գալիս ևս մեկ կարևոր նախաձեռնությամբ, որը նպաստելու է գյուղացու արտադրանքի իրացմանը։ ՙՍտեփանակերտի կենտրորնական շուկայում Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցներով վարձակալել ենք տաղավարներ, որոնք անվճար հիմունքներով տրամադրվելու են շրջաններին։ Այդ տաղավարներում իրենց արտադրած ապրանքները վաճառելու համար գյուղացիներին ապահովելու ենք նաև տրանսպորտով, գիշերակացի և անհրաժեշտ այլ պայմաններով։ Իսկ մսի իրացման հարցում նրանց տեղում կօգնեն Հիմնադրամի կողմից վճարվող մսագործները՚,- տեղեկացրել է գործադիրի ղեկավարը։ Վերջում վարչապետը, խորհրդակցության մասնակիցների ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի կենտրոնական շուկա, տեղում ծանոթացել տաղավարների պայմաններին։