[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին այցելել է Լոս Անջելեսում գործող հայկական վարժարաններ, ինչպես նաև հանդիպում է ունեցել մի խումբ բարերարների հետ։

Ա. Հարությունյանը եղել է Սրբոց Նահատակաց Ֆերայան Երկրորդական և ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարաններում, ծանոթացել կրթօջախների պայմաններին և պատմությանը։ Վարչապետը ներկա է գտնվել աշակերտների կողմից կազմակերպված միջոցառումներին՝ բարձր գնահատելով վարժարանների դերակատարությունը սփյուռքում հայապահպանության գործում։ Վարչապետ Հարությունյանն այնուհետև Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան ափի առաջնորդարանում կազմակերպված ընդունելության ժամանակ հանդիպել է մի խումբ բարերարների, նրանց ներկայացրել Արցախի զարգացման հեռանկարներն ու պայմանները։ Նա ներկաների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները, ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ։ Հանդիպման վերջում վարչապետը բարերարներին հորդորել է ակտիվորեն աջակցել նոյեմբերի 26-ին նախատեսված հեռուստամարաթոնին, որի ժամանակ հավաքագրված գումարները ՙՀայաստան՚համահայկական հիմնադրամի միջոցով ուղղվելու են հայրենիքի զարգացման գործին։

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին