[ARM]     [RUS]     [ENG]

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ

Աշոտ Ղուլյանի նախագահությամբ նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:

Անցնելով օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանը` խորհրդարանն ընդունել է ՙՓաստաբանության մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚, ՙԱշխատանքի պետական տեսչության մասին՚ ԼՂՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին՚, ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚, ՙՔաղաքացիական ծառայության մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին՚ ԼՂՀ օրենքները, ՙԼիցենզավորման մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՚, ՙՊետական տուրքի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚, ՙԱվտոմոբիլային տրանսպորտի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՚ եւ ՙՆախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին՚ ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին՚, ՙՇահութահարկի մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին՚ ԼՂՀ օրենքների փաթեթները, առաջին ընթերցմամբ` ՙԱնասնաբուժության մասին՚ ԼՂՀ օրենքը: Նիստի օրակարգում ներառված ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին՚ ԼՂՀ օրենքի նախագիծը խորհրդարանի կողմից հավանության չարժանացավ (13 դեմ, 10 կողմ եւ 6 ձեռնպահ): Ազգային ժողովն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի ինն ամսվա պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը, որը ներկայացրել է ֆինանսների նախարար Ս. Թեւոսյանը: Օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացքում պատգամավորների կողմից կառավարության ներկայացուցիչներին են ուղղվել գյուղատնտեսության, առողջապահության, քաղաքաշինության, կրթության, դատական համակարգին, արտաքին հարաբերություններին եւ հանրապետության կենսագործունեության այլ ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր: Լիագումար նիստի ավարտին հրապարակվել են պատգամավոր Հ. Խանումյանի հայտարարությունը եւ Ազգային ժողովի պատգամավորների` ՙՀեռուստամարաթոն-2015՚-ի առթիվ համայն հայությանն ուղղված դիմումը, որը ներկայացրել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Մխիթարյանը: Խորհրդարանի ղեկավարը, կարեւորելով համահայկական դրամահավաքին յուրաքանչյուրի մասնակցությունը` նշել է, որ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակազմն արդեն իսկ հանգանակել են 1մլն 140հազար ՀՀ դրամ: