[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 24-ին և 25-ին հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսում հայկական համայնքի քաղաքական, տնտեսական և հոգևոր ոլորտների մի շարք ներկայացուցիչների հետ:

Հայ հեղափոխական դաշնակցություն, Հնչակյան և Ռամկավար ազատական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներում վարչապետը բարձր է գնահատել նրանց դերը հայապահպանության և ազգային նշանակության այլ հարցերի լուծման ուղղությամբ կատարվող քայլերում: Կողմերը քննարկել են համահայկական կարևորության և Արցախի անվտանգությանն ու տնտեսական զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կուսակցությունների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցել Արցախի զարգացման գործին, այդ թվում՝ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ՙՄեր տունը՚ ծրագրին, որը նպատակ ունի բնակարաններով ապահովել բազմազավակ ընտանիքներին: Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում կազմակերպված ընդունելության ժամանակ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ռազմաքաղաքական և տնտեսական ընթացիկ իրավիճակն Արցախում, ինչպես նաև? առաջիկա տարիների հիմնական ծրագրերը: ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը ներկաներին հորդորել են ակտիվ մասնակցություն բերել ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին: Վարչապետն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարան? հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին: Ա. Հարությունյանը հանդիպումներ է ունեցել նաև մի խումբ բարերարների հետ, նրանց հետ քննարկել համագործակցության հնարավորությունները: Տարբեր հանդիպումների ժամանակ վարչապետին ուղեկցում էին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և «Հայաստանե համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նոյեմբերի 26-ին վարչապետ Հարությունյանը մասնակցել է ամենամյա հեռուստամարաթոնին՝ դրանով եզրափակելով ԱՄՆ իր աշխատանքային այցը:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին