[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

ԼՂՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 4-ին անց է կացվել ՙԽորհրդարանական դիվանագիտությունը եւ ղարաբաղյան հիմնախնդիրը՚ թեմայով պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի բաց դասախոսությունը՝ պատգամավորական կազմի, խորհրդարանի աշխատակազմի ու արտաքին գործերի նախարարության պատասխանատուների համար։

Իր ելույթում ընդգծելով միջազգային գործընթացներում խորհրդարանական դիվանագիտության աճող դերը, պրոֆեսոր Մանասյանը մասնավորապես նշել է, որ գլոբալացման պայմաններում արտաքին քաղաքականությունը դադարել է մեկի կամ իշխանական փոքր խմբի իրավասության դաշտի տակ լինել միայն. աճում է այլ գործոնների դերը, որոնց թվում են փորձագիտական համայնքը, ժողովրդական ու խորհրդարանական դիվանագիտությունը եւ այս սանդղակում ամենաբարձր տեղը գրավող պաշտոնական տեսակետը՝ ի դեմս հանրապետության նախագահի, որն իրականացվում է արտաքին գործերի նախարարության միջոցով։ ՙՍրանք բոլորովին այլ դաշտեր են, ունեն ազատության տարբեր աստիճաններ ու ընդգրկում են միանգամայն տարբեր լսարաններ։ Եւ արտաքին քաղաքականություն ծավալող պետությունը պետք է կարողանա այդ դաշտերն արդյունավետ կերպով օգտագործել՝ ընդհանուր քաղաքական խնդիրների լուծման համար՚,- ընդգծել է Ալեքսանդր Մանասյանը։ Նշելով նաեւ վերջին ժամանակներում փորձագիտական համայնքի ազդեցության շրջանակների ընդլայնման իրողությունը, պրոֆեսոր Մանասյանը կարեւորել է փորձագետների ու խորհրդարանականների միջեւ մշտական կապի ու խորհրդատվությունների իրականացման անհրաժեշտությունը։ Շնորհակալություն հայտնելով պրոֆ. Մանասյանին՝ հետաքրքիր ու ընդգրկուն բանախոսության համար՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ նման հանդիպումները 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավորական կազմի համար շարունակական կլինեն։ Արցախի խորհրդարանի ղեկավարը ներկաների անունից շնորհավորել է պրոֆ. Ալեքսանդր Մանասյանին՝ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ, մաղթել գիտական ու ստեղծագործական նոր հաջողություններ եւ պարգեւատրել նրան ԼՂՀ ԱԺ պատվոգրով եւ հուշամեդալով։ Բաց դասախոսությանը ներկա էին նաեւ ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վ. Բալայանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Ս. Ասրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Ն. Աղաբալյանը, ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը։

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայություն