[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի հայրենակիցնե՜ր

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների առիթով։ Աղոթում ենք առ Աստված, որ Տերը այս տարին համայն աշխարհում և մեր Հայրենիքում վերածի խաղաղության տարվա։ Թող մեր բոլորի բարի սպասումների իրագործման տարի լինի, ճշմարիտ ավետաբեր տարի լինի՝ Ձեզ և Մեզ Մեծ Ավետիս՝ Քրիստոս ծնավ և հայտնեցավ, օրհնյալ է ծնունդը Քրիստոսի։ Մանուկ Հիսուսի աշխարհ գալը ինքնին մի մեծագույն հրաշք է, դեռ աշխարհում չտեսնված մի երևույթ՝ Աստված մարդացավ, որպեսզի ապագայում մարդն էլ Աստվածանա, դառնա Աստվածամարդ, հասնի հավերժությանը։ Աստված մարդացավ, որպեսզի քավի ողջ մարդկության մեղքերը, գնա դեպի խաչելություն և դրանով իսկ մեր փրկագինը վճարի, քանզի այլ ձև չկա։ Սա իրոք Աստվածային մեծագույն ողորմություն է մեր հանդեպ, փառահեղ մի հրաշք, հույս։ Խաղաղության Թագավորը ծնվեց, որը բերում է մեզ հույս, լույս, սեր և փրկություն։ Երախտապարտ լինելով Ատծուն, մենք էլ մեր հերթին պիտի աղոթենք խաղաղության, սիրո և մեծ հույսերի համար, տարածելով մեկս մյուսին հրաշալի և Աստվածային Ավետիսը՝ Ձեզ և Մեզ՝ Մեծ Ավետիս, Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ։

Օրհնությամբ, ամենաբարի մաղթանքներով ու Սուրբ Ծննդյան շնորհավորնքներով՝ ՊԱՐԳԵՎ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ