[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ամանորի շնորհավորական ուղերձը

 Սիրելի՛ արցախցիներ,

 Ահա եւ եկել է պահը, երբ պետք է հրաժեշտ տանք 2015 թվականին:

Ամեն անցնող տարի իր անջնջելի հետքն է թողնում պատմության մեջ եւ մեր կյանքում, ինչպես նաեւ իր հետ տանում է մեր կյանքի մի մասնիկը` տեղ բացելով նորի համար` նոր հաջողությունների, նոր ձեռքբերումների ու արարումների: Հենց այդ հույսով ու ակնկալիքով էլ մենք դիմավորում ենք Նոր տարին` 2016 թվականը, որը բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ պետք է ավելի արդյունավետ ու բարեհաջող լինի մեր երկրի ու ժողովրդի, Արցախի յուրաքանչյուր ընտանիքի համար: Այդպիսինն են մեր ցանկություններն ու սպասելիքները:

Սակայն, մենք ապրում ենք աշխարհաքաղաքական բարդ ու դժվարին պայմաններում, ինչը, բնականաբար, իր ազդեցությունն է ունենում նաեւ մեր տարածաշրջանի եւ հանրապետության կենսագործունեության վրա: Եվ միասնական ուժերով, Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի  անում ենք հնարավորը՝ լուծելու ծառացած խնդիրները, զարգացնելու տնտեսությունը, առաջընթաց գրանցելու տարբեր ոլորտներում:

Այդ խնդիրների շարքում առանձնակի են մեր ժողովրդի եւ պետության անվտանգության ու պաշտպանունակության հարցերը: Պաշտպանության բանակի շարունակական զորացումը եւ մարտունակության մակարդակի բարձրացումը եղել է ու լինելու է մեր ռազմավարական գերակա ուղղություններից մեկը եւ միշտ գտնվելու է պետության հատուկ ուշադրության կենտրոնում:

Մեր հերոսական բանակի զինվորների քաջության ու խիզախության շնորհիվ անցնող տարում կասեցվել են հակառակորդի բոլոր ստոր ու սադրիչ գործողությունները, եւ նա, կրելով մեծ կորուստներ, ետ է շպրտվել իր ելման դիրքերը: Ցավոք,հայրենիքըպաշտպանելիս իրենց կյանքն են զոհաբերել մեր քաջ հայորդիները:  Նրանց անունները ոսկե տառերով են գրվել ԱրցախիՀանրապետության եւ հայ ժողովրդի տարեգրության մեջ:

Թանկագի՛ն բարեկամներ,

 

Քիչ հետո բոլորս տոնական սեղանների շուրջ կդիմավորենք Նոր տարին: Ես ուզում եմ նախ եւ առաջ շնորհավորել նրանց, ովքեր այս պահին գտնվում են խրամատներում եւ պաշտպանում են մեր խաղաղությունն ու անվտանգությունը: Ուզում եմ շնորհավորել պաշտպանության բանակի ողջ անձնակազմին: Փա՛ռք ու պատիվ մեր զինվորներին:

Շնորհավորում եմ զոհված ազատամարտիկների եւ զինվորների ընտանիքներին: Մեր նահատակված ընկերները միշտ մեզ հետ են, մեր կողքին. նրանք ներկա են մեր կատարած գործերում եւ մեր հիշողության մեջ:

Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում: Մաղթում եմ բոլորին խաղաղություն, քաջառողջություն, բարօրություն եւ անսասան հավատ վաղվա օրվա, մեր երկրի պայծառ ու լուսավոր ապագայի հանդեպ:

Թող գալիք տարին, որը կնշանավորի Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակը, լինի նոր հաջողությունների ու ձեռքբերումների, մեր ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման տարի:

Եվ թող այս տոնական տրամադրությունը տիրի ձեր օջախներում ամբողջ տարվա ընթացքում` պարգեւելով ձեզ ուրախություն, երջանկություն եւ ամենայն բարիք:

 

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: