[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Կառավարության հարգելի՜ անդամներ, ներկաներ

 Կառավարության այսօրվա նիստում կուզենայի կանգ առնել պետության սոցիալ-տնտեսական զարգացման որոշ ցուցանիշների, ինչպես նաեւ այն խնդիրների վրա, որոնք պետք է  իրենց լուծումն ստանան 2016 թվականի ընթացքում։ 

Բոլորիս հայտնի է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունն աշխարհի եւ մեր տարածաշրջանի վրա, ինչը չի շրջանցել նաեւ Արցախի Հանրապետությունը։ Դրան գումարվել է երկրագնդի տարբեր մասերում, այդ թվում՝ մեր հարեւան տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ սրացումը։ 

Բնական է՝ այս համատեքստում պետության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրը մեր ժողովրդի անվտանգության ապահովումն է։ 

Արցախի Հանրապետության զինված ուժերը բարձր պատասխանատվությամբ են իրականացնում իրենց առաքելությունը՝ հանդիսանալով նաեւ մեր տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման հիմնական գործոններից մեկը։ 

Մենք այսուհետ ևս հատուկ ուշադրության կենտրոնում ենք պահելու Պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացման,  բանակաշինության եւ զինծառայողների սոցիալական խնդիրները։ 

Անդրադառնալով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությանը՝ պետք է նշեմ, որ ստեղծված իրավիճակում մենք ստիպված գնացել ենք որոշակի սահմանափակումների, այդ թվում նաեւ պետական ապարատի աշխատողների եւ պահպանման ծախսերի կրճատմանը։ 

 Ժամանակին ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումների շնորհիվ, ընդհանուր առմամբ, մեզ հաջողվել է մեղմացնել դրա բացասական ազդեցությունը եւ ապահովել ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերը։

Այդ մասին են վկայում, մասնավորապես, հետեւյալ ցուցանիշները. ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով 2010 թվականից աճել է մոտ 72 տոկոսով, միջին ամսական աշխատավարձը 2015 թվականին կազմել է մոտ 150 հազար դրամ՝ 2010 թվականի 93 հազար դրամի դիմաց։ Նախնական տվյալներով՝ 2015 թվականին մեր երկրում տնտեսական աճը կկազմի մոտ 9 տոկոս։ Դրա հետ մեկտեղ, անցած տարում հաջողվել է կատարել բոլոր սոցիալական պարտավորությունները։ 

2015 թվականը նշանավորվել է նաեւ նրանով, որ Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, ինչը տալիս է նոր հնարավորություններ մեր տնտեսության զարգացման համար։ 

Դրանից առավելագույնս արդյունավետորեն օգտվելու նպատակով ԼՂՀ կառավարությանը հանձնարարում եմ՝ մշակել արտահանման խթանման ռազմավարական ծրագիր, որը թույլ կտա հասցեական եւ նպատակային օժանդակություն ցուցաբերել արտահանմանը միտված արտադրություն իրականացնող ընկերություններին, ինչպես նաեւ նպաստել արտաքին շուկաներում արցախյան արտադրանքի առաջմղմանը։

Մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կարեւորագույն ուղղություններից ավանդաբար եղել եւ մնում է գյուղատնտեսությունը։

Պետությունը հետեւողական քաղաքականություն է իրականացնում գյուղատնտեսության կարեւորագույն ոլորտների զարգացման ուղղությամբ, եւ արդեն իսկ կան որոշակի հաջողություններ։ Նկատվում է գյուղատնտեսական արտադրանքի ծավալի էական աճ, իսկ 2015 թվականին արձանագրվել է հացահատիկի աննախադեպ բարձր բերքատվություն։  

2010-2015 թվականներին պետական բյուջեից բնագավառի զարգացմանն է ուղղվել մոտ 14 միլիարդ 500 միլիոն դրամ։ Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից ավելի քան 30 հազար շահառուների տրամադրվել են 20 միլիարդ 500 միլիոն դրամի փոխառություններ։ 

Ներկայումս այդ փոխառությունների պորտֆելը կազմում է 11 միլիարդ դրամ, իսկ Հիմնադրամի կողմից սուբսիդավորվող վարկային պորտֆելը՝ 3 միլիարդ 500 միլիոն դրամ։ 2016 թվականին պետական բյուջեից գյուղատնտեսական ծրագրերի իրականացման համար կհատկացվի 4 միլիարդ 100 միլիոն դրամ։

Գյուղատնտեսության զարգացման գերնպատակն է հասնել պարենային անվտանգության ապահովման լիարժեք մակարդակի։ Ես բազմիցս խոսել եմ դրա մասին։ Այս ուղղությամբ պետք է ձեռնարկել բոլոր միջոցները, անհրաժեշտության դեպքում՝ մշակել նաեւ պետության պարենային անվտանգության համալիր ծրագիր։

Հատուկ ուշադրության են արժանի էներգետիկայի զարգացման եւ էներգետիկ անվտանգության ապահովման հարցերը։ 2010-2015 թվականներին ավելի քան 9 միլիարդ 600 միլիոն դրամ է ներդրվել ոլորտում, որն ուղղվել է օդային գծերի վերանորոգմանն ու նորերի կառուցմանը, ինչպես նաեւ տրանսֆորմատորային կայանների վերակառուցմանը։ Մինչեւ 2018 թվականը շահագործման կհանձնվեն 7 նոր հիդրոէլեկտրակայաններ, որոնք թույլ կտան լրացուցիչ արտադրել 200 միլիոն կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա։ Այդ ծրագրի իրականացումը կստեղծի հուսալի հիմքեր՝ ոլորտում լինել  ինքնաբավ եւ հաջողությամբ լուծել նախկինում դրված խնդիրը՝ դառնալ էլեկտրաէներգիա արտահանող երկիր։

2010-2015 թվականներին երկրում մեծածավալ աշխատանքներ են ընթացել շինարարության եւ հանքարդյունաբերության ոլորտներում։ Իրականացվել են ավելի քան 266 միլիարդ դրամի շինարարական աշխատանքներ, որոնցից 91 միլիարդը ֆինանսավորվել է պետական բյուջեից։

Ներդրումների ծավալը հանքարդյունաբերության ոլորտում կազմել է  հարյուր միլիոնից ավելի ամերիկյան դոլարին համարժեք դրամ։ Շահագործման փուլում է Կաշենի հանքը, որն իր զգալի ազդեցությունը կունենա հանրապետության տնտեսության զարգացման վրա եւ կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը։ 

Հարկ եմ համարում նշել, որ բնական պաշարների օգտագործումն անհրաժեշտ է իրականացնել  էկոլոգիական անվտանգության ապահովմանը զուգահեռ՝ խստորեն պահպանելով բոլոր բնապահպանական նորմերը։

Կցանկանայի կանգ առնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վրա։ Արդի դինամիկ զարգացող աշխարհը մեծապես վերափոխվում է հենց այդ ոլորտի շնորհիվ։ Անհրաժեշտ  է պատրաստ լինել դրան եւ, եթե ուզում ենք հետ չմնալ ու արժանի տեղ զբաղեցնել համաշխարհային գործընթացներում, պետք է անենք հնարավորը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։

Տեխնիկապես գրագետ եւ կրթված երիտասարդությունը, որն ունակ է օգտվել ժամանակակից գիտության եւ տեխնոլոգիաների նվաճումներից, մեր հիմնական հարստություններից մեկն է։

Այս ուղղությամբ պետության կողմից իրականացվում է համալիր ծրագիր  հանրակրթական եւ բարձրագույն օղակներում։ 2015 թվականին մայրաքաղաք Ստեփանակերտում բացվել են Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը եւ ՙԹումո՚ ստեղծարար տեխնոլոգիաների թվային մեդիայի ուսուցման կենտրոնի արցախյան մասնաճյուղը։ Սակայն դա բավարար չէ։ Մեզ մոտ պետք է լիարժեք ու արդյունավետորեն գործեն նոր տեխնոլոգիական կենտրոններ, որոնք գործնական հարաբերությունների մեջ կլինեն աշխարհի եւ տարածաշրջանի նմանատիպ առաջատար ընկերությունների հետ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներգրավելով մարդկանց, ովքեր ունեն համապատասխան գիտելիքներ եւ պատրաստվածություն, գիտակցում են դրա կարեւորությունը եւ ունակ են կազմակերպել գործընթացը։ Կառավարությանն անհրաժեշտ է մշտական ուշադրության կենտրոնում պահել ոլորտի հիմնախնդիրները՝ այն դիտարկելով որպես երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղություններից մեկը։

Պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության հարցերին։ Այս ուղղությամբ եւս իրականացվում են համալիր ծրագրեր։ Վերջին տարիներին 69 ուսումնական հաստատությունների համար կառուցվել եւ վերանորոգվել են շենքեր, արդիականացվել է դրանց նյութատեխնիկական բազան։ Հիմնադրվել են նոր համալսարան եւ արհեստագործական ուսումնարան, կառուցվել են 44 դպրոց, 22 մանկապարտեզ եւ մեկ մանկապատանեկան կենտրոն։ Միայն 2015 թվականին շահագործման են հանձնվել 9 մանկապարտեզ եւ 5 դպրոց, սկսվել է 2 դպրոցի եւ 3 մանկապարտեզի շինարարությունը։ Վերջին 3 տարում այդ հաստատությունների կառուցման եւ հիմնանորոգման համար կապիտալ ներդրումները կազմել են ավելի քան 8 միլիարդ դրամ, եւ ընթացիկ տարում այդ ծրագրերի իրագործման նպատակով պետբյուջեից կհատկացվի եւս 1  միլիարդ 70 միլիոն դրամ։ 

Գոհունակությամբ եմ նշում, որ տարեցտարի ավելանում է հանրակրթական դպրոցներում սովորողների թիվը։ 2015-2016 ուսումնական տարում առաջին դասարանցիների թիվն աճել է 400 երեխայով։

Ոլորտում առկա կարեւորագույն խնդիրներից է կրթության որակի հետեւողական բարձրացումը։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է կիրառել աշխարհի առաջավոր փորձը, կայուն կապեր հաստատել Հայաստանի եւ արտերկրի առաջատար ուսումնական հաստատությունների հետ՝ հատուկ ուշադրություն դարձնելով կադրերի պատրաստման եւ վերապատրաստման հարցերին։

Այժմ կանդրադառնամ առողջապահության ոլորտին եւ այստեղ իրականացված մի շարք հաջողված ծրագրերի։ Նկատելիորեն բարձրացվել է բնակչության բուժսպասարկման մակարդակը, ոլորտը համալրվել է ժամանակակից պահանջներին համապատասխանող հիվանդանոցներով, շոշափելիորեն բարելավվել է դրանց տեխնիկական հագեցվածության մակարդակը, ինչպես նաեւ աճել են բժիշկների եւ բուժսպասարկող անձնակազմի աշխատավարձերը։ 

Այդ խնդիրների լուծման համար 2015 թվականին պետական բյուջեով առողջապահությանը հատկացված միջոցների ծավալը կազմել է 5 միլիարդ 500 միլիոն դրամ, իսկ 2016 թվականին այն կհասնի 5 միլիարդ 950 միլիոն դրամի՝ ավելանալով 450 միլիոն դրամով։

Բարձր գնահատանքի են արժանի Հայաստանի եւ մի շարք երկրների առաջատար բժիշկների գործնական այցելություններն Արցախ եւ տեղում բնակչությանը բժշկական ծառայությունների մատուցումը, ինչը դրականորեն է ազդում նաեւ մեր բուժկադրերի մասնագիտական ունակությունների կատարելագործման վրա։

Արցախի Հանրապետության պետական բյուջեն վերջին տարիներին ունեցել է ընդգծված սոցիալական ուղղվածություն։ Բացառություն չէ նաեւ այս տարվա պետական բյուջեն, որի ավելի քան 70 տոկոսը կազմում են սոցիալական բնույթի ծախսերը։ Նման յուրահատկությունը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով՝  սոցիալապես խոցելի խավերին աջակցություն ցուցաբերելու, նրանց սոցիալ-կենցաղային պայմանները բարելավելու պետության գիտակցված որոշումով։ 

 Հատուկ ուշադրություն է դարձվում ժողովրդագրությանը եւ ծնելիության խթանմանը։ Միայն վերջին երեք տարիների ընթացքում ծնելիության խթանման նպատակով բյուջեից հատկացվել է ավելի քան հինգուկես միլիարդ դրամ, իսկ 2016 թվականին կհատկացվի մոտ 2 միլիարդ 100 միլիոն դրամ։ 

Բազմաթիվ կարեւորագույն նշանակություն ունեցող սոցիալական ծրագրերի հաջող իրականացումը հնարավոր  դարձավ Հայաստանի եւ սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների գործուն մասնակցության շնորհիվ։ Նրանք միշտ հատուկ հոգատարությամբ են մոտենում մեր բոլոր հիմնախնդիրներին եւ փորձում են օգտակար լինել դրանց լուծմանը։ Այսպես, ազգային բարերար Սամվել Կարապետյանը կրկին արձագանքեց եւ  որոշում կայացրեց 2016-2018 թվականներին ծնված յուրաքանչյուր չորրորդ երեխային միանվագ տրամադրել 5 հազար դոլարին համարժեք դրամ։ 

Անհրաժեշտ եմ համարում նաեւ, որ կառավարությունը, համապատասխան որոշմամբ,  հինգ եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելու գործող ծրագիրը դարձնի շարունակական։

Սոցիալական ծրագրերի շարքում առանձակի նշանակություն ունի փախստականների բնակարանային պայմանների բարելավումը։ Այն միշտ եղել է օրակարգում, սակայն օբյեկտիվ պատճառներով մենք չենք կարողացել լիարժեք լուծում տալ այդ խնդրին։ Գտնում եմ, որ կառավարությունը հնարավորինս կարճ ժամանակահատվածում պետք է պատրաստի եւ քննարկման ներկայացնի համապատասխան ծրագիր, որտեղ հստակ նշված կլինեն իրականացման ժամկետներն ու ֆինանսական ծավալները՝ դրա մեկնարկը սահմանելով 2016 թվականը։ 

Կառավարության նիստի հարգելի՜  մասնակիցներ,

Տարին բոլոր միջազգային կանխատեսումներով լինելու է լարված, ինչի հետեւանքները չեն կարող այս կամ այն չափով չանդրադառնալ նաեւ մեր տնտեսության վրա, եւ անհրաժեշտ է ձեռնարկել հնարավորը բացասական հետեւանքները մեղմացնելու ուղղությամբ։

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ պետք է փաստել, որ բյուջեի  ձեւավորման թե՜ եկամտային եւ թե՜ ծախսային մասում դրված խնդիրներն ու պարտավորությունները իրատեսական են եւ կատարելի։ Դա վերաբերում է նաեւ նախատեսված  ՀՆԱ-ի 8 տոկոս աճի ապահովմանը։  

Բյուջեի անվերապահ կատարումը կառավարությունից եւ բոլոր շահագրգիռ մարմիններից կպահանջի քրտնաջան աշխատանք։ Բյուջետային միջոցների արդյունավետ, խնայողաբար ու նպատակային օգտագործումը պետք է լինի որոշիչ։

Վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը գիտակցում է իր պատասխանատվության աստիճանը եւ կանի հնարավորը՝ դրված խնդիրները բարեխղճորեն կատարելու համար։

Հարգելի՜  ներկաներ,

Այսպիսին են աշխատանքի այն ուղղությունները, որոնց ցանկացել եմ անդրադառնալ իմ ելույթում։ 

Խոսելով 2016 թվականի խնդիրների եւ այն աշխատանքի մասին, որը պահանջվում է ձեզանից, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել խիստ կարեւոր մի հանգամանքի վրա։ Մենք միշտ հաջողությունների ենք հասել միայն այն դեպքում, երբ մեզ միավորել են համախմբված աշխատանքը եւ միասնությունը համազգային խնդիրների լուծման գործում՝ լինի դա մարտի դաշտում, թե առօրյա կյանքում։

Անհրաժեշտ է համակարգված, հստակ ու հետեւողական աշխատանք եւ մեզ վրա դրված պարտավորությունները բարձր պատասխանատվությամբ իրականացնելու խորը գիտակցում։ 

Գտնում եմ, որ 2015 թվականին կառավարությունը, ընդհանուր առմամբ, կատարել է իր առջեւ դրված խնդիրները։

Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ աշխատանքում՝ ի փառս մեր ժողովրդի եւ պետության։

Շնորհակալություն։

 

ք.Ստեփանակերտ, 2 փետրվարի 2016թ.