[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԼՂՀ հռչակումից եւ անկախ պետականություն կերտելու պատմական որոշումից 15 տարի անց

Սահմանադրության ընդունումը թույլ է տվել իրավական նոր մակարդակի բարձրացնել պետական իշխանության ինստիտուտների կայացման եւ մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների ամրագրման աշխատանքները։ Արցախի ժողովրդավարական կուսակցությունն իր ձեւավորման պահից Սահմանադրության մշակման եւ ընդունման խնդիրը դիտել է որպես ծրագրային նպատակ եւ ակտիվ դերակատարություն է ունեցել 2005-2006 թվականներին՝ երկրի Հիմնական օրենքի նախագծի մշակման, ինչպես նաեւ հանրային քննարկումների ու հանրաքվեի կազմակերպման ժամանակ։ 2006թ. դեկտեմբերի 10-ին ընդունված Սահմանադրությունը ապացուցել է իր կենսունակությունը՝ ապահովելով երկրի բնականոն զարգացումը, ապահովագրելով քաղաքական եւ այլ բնույթի ճգնաժամային իրավիճակներից։ Այս ամենով հանդերձ, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը գտնում է, որ երկրի սահմանադրական կարգի կատարելագործման խնդիրները մշտապես պետք է լինեն իշխանությունների եւ քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով արագ փոփոխվող ժամանակների պահանջը։ Հենց այդ ընկալման հաշվառումով ԱԺԿ ծրագրում, պետական շինարարության բաժնում, հատուկ տեղ է հատկացված պետական կառավարման համակարգի զարգացման հեռանկարին, ինչն արտահայտված է հետեւյալ ծրագրային դրույթներում. - հետամուտ լինել իշխանության օրենսդիր, գործադիր եւ դատական թեւերի սահմանադրական տարանջատման, նրանց միջեւ զսպման և հակակշիռների մեխանիզմների գործնական իրականացմանը, - նպաստել սահմանադրական արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների կայացմանը և մշտական կատարելագործմանը՝ ի շահ քաղաքացու ազատությունների եւ հանրային համերաշխության, - աջակցել տեղական ինքնակառավարման համակարգի հետագա կայացմանը։ Վերոնշյալ դրույթների իրագործումը, Արցախի ժողովրդավարական կուսակցության կարծիքով, պետք է տեղի ունենա էվոլյուցիոն ճանապարհով, երկրում սահմանադրական բարեփոխումներ կատարելու միջոցով, որի արդյունքում կունենանք. ա/ Արցախի առանձնահատկությունները հաշվի առնող պետական կառավարման արդյունավետ եւ ճկուն համակարգ, բ/ ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդող, մարդու իրավունքների ու ազատությունների անմիջական գործողությունը երաշխավորող սահմանադրաիրավական մոդել, գ/ պատասխանատու քաղաքական ուժեր եւ քաղաքացիական հասարակություն, որոնք առաջնորդվում են ազգային ու պետական շահերով եւ սահմանադրական մտածողությամբ։

19 փետրվարի 2016թ. ք. Ստեփանակերտ