ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
ՙՍիրելի՜ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ։
Այսօր տոն է Արցախի յուրաքանչյուր ընտանիքում, որովհետեւ մեր երկրում դժվար է գտնել մի ընտանիք, որը մասնակից չլիներ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Տոն է մեր ողջ ժողովրդի համար, որովհետեւ Արցախի ազատության ու անկախության կերտմանը մասնակցել են շատ քաջ հայորդիներ աշխարհի տարբեր ծայրերից։
Ես շնորհավորում եմ բոլորիդ եւ հատկապես նրանց, ովքեր օր ու գիշեր հսկում են հայրենի երկրի սահմանները, պաշտպանում հարազատ ժողովրդի անդորրը՝ հնարավորություն տալով մեզ ապրել ու արարել խաղաղ երկնքի տակ։ Դա մեր խիզախ զինվորներն են, սպաներն ու գեներալները, դա մեր հերոսական բանակն է, որը եղել է, կա ու կլինի մեր ժողովրդի հպարտությունն ու պարծանքը, նրա անվտանգության հիմնական երաշխավորը։ Հավե՛րժ փառք ու պատիվ Արցախի նվիրյալ զավակներին։
Թանկագի՜ն բարեկամներ,
Այս տոնական օրը մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք, հայրենիքի պաշտպաններին՝ անպարտելի ուժ ու զորություն՚։