Logo
Print this page

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 3-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

Փետրվարի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգով ազդարարվել է վեցերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի առաջին նիստի մեկնարկը։

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձ է կատարել հունվար-փետրվար ամիսներին խորհրդարանի գործունեությանը։ ՙԱԺ կանոնակարգ՚ օրենքի համաձայն՝ ձևավորվել է երրորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով, որի անդամներ են վերընտրվել պատգամավորներ Ռոմելա Դադայանը, Լյուդմիլա Բարսեղյանը և Գագիկ Բաղունցը։ Անցնելով օրակարգային հարցերին՝ Ազգային ժողովը քննարկել և ընդունել է. ՙԶբաղվածության մասին՚ ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՚ ԼՂՀ օրենքը, որի համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ներգրավվել զբաղվածության ծրագրերում։ ՙՊետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ և ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին՚ ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին՚ ԼՂՀ օրենքների փաթեթը։ Փաթեթի առաջին օրենքով կկարգավորվեն առաջին ատյանի դատարանի դատավորի կենսաթոշակային ապահովման խնդիրները, իսկ երկրորդ օրենքը հնարավորություն կտա ԼՂՀ պաշտոնաթող Նախագահի կենսաթոշակը սահմանել աշխատավարձի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ։ ՙԱռևտրի և ծառայությունների մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ ԼՂՀ օրենքը, որի համաձայն, կառավարության կառուցվածքային փոփոխության արդյունքում բնագավառի գործունեությունը կարգավորող նոր լիազոր մարմին է ճանաչվել ֆինանսների նախարարությունը՝ նախկին ԿԱ հարկային մարմնի փոխարեն։ ՙՀաստատագրված վճարների մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին՚ ԼՂՀ օրենքը, որի համաձայն՝ նվազեցվել են երթուղիների հաստատագրված վճարների հաշվարկի գործակիցները՝ հեռավոր գյուղական բնակավայրերում անխափան, կանոնավոր փոխադրումներն ապահովելու համար։ Առաջին ընթերցմամբ ընդունվել են ՙՍննդամթերքի անվտանգության մասին՚, ՙՍննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին՚, ՙԿերի մասին՚, ՙԲուսասանիտարիայի մասին՚, ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին՚ ԼՂՀ օրենքները։ Սույնով հստակեցվում են սննդամթերքի անվտանգության, կերի և բուսասանիտարիայի ոլորտներում լիազոր մարմնի կառավարման համակարգի նպատակները, խնդիրները, իրավասությունները և ապահովվում է պետական վերահսկողության կազմակերպման անհրաժեշտությունը։ ՙՀասարակական կազմակերպությունների մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ ԼՂՀ օրենքը, որը ստեղծագործական կազմակերպություններին միություններում միավորվելու կամ ստեղծագործական միություն անվանումը կրելու հնարավորություն կտա։ ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին՚ ԼՂՀ օրենքը, որով սահմանված կարգով առանց վարորդական իրավունքի և անսթափ վիճակում մեքենա վարելը, ինչպես նաև սթափության վիճակի զննումից խուսափելը կհանգեցնի քրեական պատասխանատվության։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքն Ազգային ժողովն ընդունել է երկրորդ ընթերցմամբ։ Այնուհետև նիստը շարունակվել է տարեկան հաղորդումների ներկայացմամբ։ Դատախազության 2015թ. գործունեության մասին հաշվետվությամբ հանդես է եկել ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, իսկ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից 2015թ. իրականացված աշխատանքների մասին՝ խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը։ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի և կառավարության անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ։ Նիստի ավարտին հայտարարությամբ հանդես է եկել պատգամավոր Հայկ Խանումյանը։

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.