[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Խորհրդակցություն Ստեփանակերտի քաղաքապետարանում

Ս.թ. փետրվարի 22-26-ը մայրաքաղաքում իրականացված քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման նախնական արդյունքների ամփոփմանն էր նվիրված Ստեփանակերտի քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցությունը, որին ներկա էին քաղաքապետարանի պատասխանատուներ ու նրա ենթակայության տակ գտնվող մի շարք կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարներ, ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներ։ Ողջունելով ներկաներին ու կարևորելով իրականացված միջոցառման ռազմավարական նշանակությունը՝ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը բարձր գնահատեց համատեղ աշխատանքը, համոզմունք հայտնելով, որ ձեռնարկված միջոցառումներն ավելի կնպաստեն փոխգործակցության զարգացմանը և առկա ներուժի բացահայտմանն ու արդյունավետ օգտագործմանը, մայրաքաղաքի քաղպաշտպանության համակարգի ամրապնդմանը։ Հհանդես գալով ելույթով և ընդհանրացնելով քաղպաշտպանության՝ վիճակի համալիր գնահատման նախնական արդյունքները, ԿԱ արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն՝ գնդապետ Արթուր Հարությունյանը, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ համարեց կատարված աշխատանքը։ Նրա խոսքով՝ համալիր միջոցառումների նպատակն էր որոշել Ստեփանակերտ քաղաքի ՔՊ ղեկավար կազմի, ծառայությունների և կազմակերպությունների կողմից քաղաքացիական պաշտպանության խնդիրների իրականացման պատրաստականության աստիճանը, ստուգել Ստեփանակերտ քաղաքի ՔՊ ինժեներական, ճառագայթային և քիմիական, բժշկական պաշտպանության, տարահանման միջոցառումների կազմակերպման, կազմավորումների պատրաստականության, բնակչության ուսուցման, կառավարման, կապի և ազդարարման համակարգի վիճակը և գնահատել Ստեփանակերտ քաղաքի ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների կատարումը։ Ըստ Ա.Հարությունյանի, համալիր գնահատման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հանրապետության տարածքում այն իրականացվում է առաջին անգամ՝ ընդգրկելով միևնույն ժամանակ և կազմակերպությունները, և ՔՊ կազմավորումները, և բնակչության պատսպարման համար կառույցները, և տարահանման հավաքակետերը, և բնակչությունը։ Ընդ որում, համալիր գնահատմանն ընդգրկվել են Ստեփանակերտի քաղաքապետարանը, թվով 22 կազմակերպություններ, 17 կազմավորումներ, թվով 63 շենքերի նկուղներ, բոլոր ՏՀԿ-ները, թվով 8 փողոցների շենքերի բնակչությունը։ ՙՀամալիր գնահատումն սկսվել է շտաբային ուսումնավարժության անցկացումով, - նշեց ծառայության ղեկավարը։-Համաձայն հաստատված պլանի՝ փետրվարի 22-ին ժամը 08.00-ին ՙՂարս 444՚ ազդանշանով համալիր գնահատմանն ընդգրկված Ստեփանակերտի քաղաքապետարանը, կազմակերպությունները և ՔՊ կազմավորումները բերվել են ՙԲարձր՚ աստիճանի պատրաստության։ Ուսումնավարժության մասնակից կազմին խնդիր է առաջադրվել մշակել քաղաք Ստեփանակերտի բնակչության տարահանման պլանը՝ սահմանված երեք տարբերակների համաձայն՚։ Ինժեներական պաշտպանության գնահատման նպատակով ստուգվել են ինժեներական ծառայության պլանավորման փաստաթղթերը, դրանց իրատեսությունը, ենթակա ՔՊ կազմավորումները (կազմակերպությունները), նրանց անձնակազմի և տեխնիկայի առկայությունը, պատրաստականությունը ՔՊ խնդիրների կատարման համար, բնակչության ապահովվածությունը՝ պաշտպանական կառույցներով ու բնակչության կողմից դրանց օգտագործման կարգի իմացությունը, նկուղների, կիսանկուղների և այլ խորացված կառույցների ֆոնդերի օգտագործումը՝ բնակչության պաշտպանության նպատակով։ Ճառագայթային և քիմիական պաշտպանության գնահատման նպատակով ստուգվել են ճառագայթային և քիմիական պաշտպանության ուժերի առկայությունը և պատրաստվածությունը, ճառագայթային և քիմիական պաշտպանության միջոցներով ապահովվածությունը, քիմիական հետախուզական դիտակետերը, վտանգավոր նյութեր օգտագործող օբյեկտները (ՙՋրմուղ-կոյուղի՚ ՓԲԸ-ի ջրի մաքրման հ. 1 և հ. 2 կայաններ), նրանց անձնակազմով, տեխնիկայով և սարքավորումներով ապահովվածությունն ու պատրաստականությունը՝ ՔՊ խնդիրների կատարման համար։ Բժշկական պաշտպանության գնահատման նպատակով ստուգվել են բժշկական ծառայության պլանավորման փաստաթղթերը, դրանց իրատեսությունը, ենթակա ՔՊ կազմավորումները (կազմակերպությունները), նրանց անձնակազմով, տեխնիկայով և սարքավորումներով համալրվածությունը, պատրաստականությունը ՔՊ խնդիրների կատարման համար, բնակչության, ՔՊ կազմավորումների անձնակազմերի և կազմակերպությունների բժշկական անհատական պաշտպանության և շտապ նախապահպանական միջոցներով ապահովվածությունը, ՔՊ բժշկական ծառայության, բուժնախապահպանական կազմակերպությունների և կազմավորումների ՔՊ վիճակն ու նրանց ունակությունները՝ խնդիրների կատարման ուղղությամբ, ՔՊ բժշկական ծառայությունների կողմից հիվանդանոցային բազաների ծավալման աշխատանքների ապահովումը։ Ա. Հարությունյանի խոսքով՝ տարահանման միջոցառումների կազմակերպման գնահատման նպատակով ստուգվել են տարահանման հանձնաժողովի, ինչպես նաև ՔՊ ծառայությունների տարահանման կազմակերպման և իրականացման գծով պլանավորման փաստաթղթերը, դրանց իրատեսությունը, տարահանման մարմինների պատրաստվածության վիճակը՝ բացազատելով բոլոր 16 տարահանման կետերը։ Ստեփանակերտ քաղաքի հ. 11 դպրոցում բացազատված հ. 11 ՏՀԿ-ում իրականացվել է թվով 20 բնակիչների իրական տարահանում մինչև ելման կետ։ ՔՊ կազմավորումների պատրաստվածության գնահատման նպատակով ստուգվել է ՔՊ կազմավորումների համալրվածությունն անձնակազմով, ՔՊ կազմավորումների հագեցվածությունը գույքի հիմնական տեսակներով, գործող սարքերով և տեխնիկայով, ՔՊ կազմավորումների պատրաստության բերման պլանի առկայությունը, ՔՊ կազմավորումների անձնակազմի պատրաստվածության աստիճանը՝ խնդիրների կատարման համար։ ԱԻ-ների դեպքում բնակչության և աշխատողների վարվելակերպի ու ՔՊ հիմնահարցերի ուսուցման կազմակերպման գնահատման նպատակով ստուգվել է ՔՊ ղեկավար կազմի պատրաստությունը, հրամանատարաղեկավար կազմի պատրաստությունը, ՔՊ կազմավորումների պատրաստությունը, աշխատողների և սովորողների ուսուցման կազմակերպումն ու պատրաստության աստիճանը։ Կառավարման, կապի և ազդարարման համակարգերի գնահատման նպատակով ստուգվել են կապի և ազդարարման ծառայության ՔՊ պլանավորման փաստաթղթերը, դրանց իրատեսությունը, կառավարման, կապի և ազդարարման համակարգի վիճակը, կենտրոնացված ազդարարման համակարգի ապահովումը։ ՔՊ պատրաստության բերման միջոցառումների կատարման գնահատման նպատակով ստուգվել են կազմակերպություններում, արդյունաբերության և կենսապահովման օբյեկտներում կայունության բարձրացման հարցերը։ Ծառայության տնօրենն արձանագրեց, որ Ստեփանակերտ քաղաքի ՔՊ վիճակի համալիր գնահատման նպատակով իրականացված ստուգումներն արդյունավետ են համարվել։ Դրանց ժամանակ ՔՊ կազմակերպման հարցերում (բոլոր ուղղություններով) հանձնաժողովի կողմից գրանցվել է դրական առաջխաղացում։ Միաժամանակ ի հայտ են եկել մի շարք թերություններ, որոնց վերացման համար անհրաժեշտ է ձեռնարկել գործուն միջոցներ և իրականացնել համապատասխան միջոցառումներ։ Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և ԿԱ առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, միջոցառման մասնակիցներին շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքների համար, նշեցին, որ համալիր գնահատման վերջնական արդյունքները կներկայացվեն ս.թ.մարտի երկրորդ կեսին։

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն