[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը Մարտի 3-ին, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը։

Օրակարգում ներառված էին մեկ տասնյակից ավելի հարցեր։ Ավագանին որոշեց լրամշակման նպատակով հետաձգել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու կանոնակարգի ընդունումը։ Մի շարք փոփոխություններ կատարվեցին համայնքի ավագանու` բարեկարգման կարգի սահմանման վերաբերյալ 2010թ. մարտի 22-ին ընդունված որոշման մեջ ։ Անդրադառնալով խնդրին, քաղաքապետը նշեց, որ մայրաքաղաքի կարգավիճակը պահանջում է մշտական վերահսկողություն սահմանել անշարժ գույքի և նրան հարող տարածքների բարեկարգման ու սանիտարական մաքրության ապահովման ուղղությամբ, մինչդեռ որոշ տնտեսավարող սուբյեկտներ թերանում են իրենց պարտավորությունների կատարման մեջ` դրանով իսկ խախտելով փոխհամաձայնեցված պայմանավորվածությունը։ Ս. Գրիգորյանը գտնում է, որ խնդրահարույց հարցում հանդուրժողականությունը միմիայն կվնասի օրինականության, կարգուկանոնի հաստատմանը։ Նիստում որոշում կայացվեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքը` տեխնիկատնտեսական հիմնավորումներով, հավանության արժանացնելու վերաբերյալ։ Քաղաքապետ Ս. Գրիգորյանը պարզաբանման կարգով նշեց, որ Ստեփանակերտի գլխավոր հատակագծին վերջին անգամ անդրադարձել է եղել 15 տարի առաջ։ Մինչդեռ քաղաքաշինության մեջ անցած տարիներին արձանագրված էական փոփոխություններն ու իրադարձությունները, մայրաքաղաքի հետագա զարգացման հետ կապված մյուս խնդիրները քաղաքային համայնքի նոր գլխավոր հատակագծի (նախագծի) անհրաժեշտությունն անխուսափելի են դարձնում։ Քաղաքապետի խոսքով, անցած ժամանակաշրջանում Ստեփանակերտում իրականացվել են մի շարք քաղաքաշինական ծրագրեր։ Կառուցվել են բնակելի ու հասարակական նշանակության շենքեր, շինություններ, նոր դպրոցներ և մանկապարտեզներ, բժշկական կենտրոններ, հյուրանոցներ, հասարակական սննդի օբյեկտներ, մշակույթի կենտրոններ, գրադարաններ, խաղահրապարակներ, մարզադաշտեր։ Իրականացվել է ճանապարհային ցանցի ընդլայնում, քաղաքի ինժեներական կահավորում։ Աշխատանքներ են տարվել այգիների հիմնադրման, կանաչ տարածքների ընդլայնման ուղղությամբ։ Կառուցվել են նոր թաղամասեր, իրականացվել լայնածավալ բարեկարգման աշխատանքներ։ Գլխավոր հատակագծի հաստատումից հետո քաղաքում տեղի ունեցած առաջընթացն արձանագրելով` անհրաժեշտ է ընդգծել, որ ներկա ժամանակաշրջանում իրենց լուծումն են պահանջում բազմաթիվ քաղաքաշինական խնդիրներ։ 2000 թվականին հաստատված Ստեփանակերտի գլխավոր հատակագիծը գրեթե ամբողջությամբ սպառել է իր նշանակությունը` առաջադրված ծրագրերի ու պահանջների, կատարման ձևաչափերի կապակցությամբ։ Ներկայումս քաղաքի առջև նոր քաղաքաշինական ու ծրագրային խնդիրներ են ծագում, որոնց լուծումը գործնականում նորովի մոտեցում է պահանջում։ Թե՜ ամբողջ քաղաքում, թե՜ դրա առանձին հատվածներում ծագող քաղաքաշինական հարցերի օպերատիվ և ճիշտ լուծման համար անհրաժեշտ է ունենալ ժամանակակից պահանջներին համահունչ ու բազմակողմանի նախագծված գլխավոր հատակագիծ, ինչպես նաև հողերի գոտիավորման և օգտագործման սխեմա։ Այդ նպատակին է միտված ավագանու որոշման ընդունումը, որը, քաղաքապետի համոզմամբ, Երևանի ՙՀայնախագիծ՚ ինստիտուտի մասնագետներին և ԼՂՀ քաղաքաշինության նախարարությանը հնարավորություն կտա համատեղել ուժերը և արդյունքում ունենալ մայրաքաղաքի լիարժեք, նոր գլխավոր հատակագիծը։ Ավագանին որոշեց սեփականության իրավունքով Ստեփանակերտի քաղաքային համայնքին պատկանող Վ. Մամիկոնյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող գրադարանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՙՍտեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարան՚ պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Մեկ այլ որոշմամբ (սեփականության իրավունքով) քաղաքային համայնքին պատկանող Վ.Սարգսյան փողոցի թիվ 25 շենքի 1-ին հարկից 335,37 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեց ՙՍտեփանակերտի մանկապատանեական մարզադպրոց՚ պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Նիստում որոշումներ են ընդունվել նաև համայնքի սեփականություն հանդիսացող շենքերից բնակարան (նվիրատվության կարգով), ինչպես նաև ոչ բնակելի տարածք (ուղղակի վաճառքի ձևով) օտարելու մասին։ Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն