[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 24-ին առողջապահության համակարգի աշխատակիցներին է ներկայացրել առողջապահության նորանշանակ նախարար Կարինե Աթայանին և նրան մաղթել հաջողություններ պատասխանատու գործում։

Վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել Հարություն Քուշկյանին՝ Արցախում կատարած կարևոր աշխատանքի համար, ով, իր դիմումի համաձայն, նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ 

Կառավարության ղեկավարը Հարություն Քուշկյանին պարգևատրել է Վարչապետի հուշամեդալով՝ Արցախին մատուցած ծառայությունների, առողջապահության զարգացման բնագավառում ունեցած ավանդի ու ակտիվ պետական-քաղաքական գործունեության համար։ 

Ա. Հարությունյանը, դիմելով Հ. Քուշկյանին, մասնավորապես, ասել է. 

ՙՊարոն Քուշկյան, իմ և մեր բնակչության շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ,  այս երկու տարվա շատ կարևոր աշխատանքի համար։ Դուք հնարավորություն եք ունեցել ծառայել Արցախի առողջապահության համակարգին տասնամյակներ շարունակ, սակայն միայն այս վերջին երկու տարիներին այնքան մեծ է Ձեր ավանդը, որ ցավով ենք Ձեր որոշման հետ համակերպվել։ Հարյուրավոր մարդկանց կյանք եք փրկել Ձեր գործունեությամբ՝ բազմաթիվ խնդիրների լուծումներ տալով։ Արցախի ժողովուրդը մեծապես գնահատում է Ձեր նվիրումը, և Ձեր ամենամեծ պարգևը ժողովրդի սերն ու վստահությունն է, որ վայելում եք արհեստավարժության և մարդկային բարձր որակների համար։ Վստահ եմ, որ Դուք համակարգից չեք հեռանալու և շարունակելու եք Ձեր ակտիվ մասնակցությունն ունենալ Արցախի առողջապահության ոլորտի զարգացման գործում՚։ 

Շնորհակալություն հայտնելով հանրապետության նախագահին և վարչապետին՝ իր փորձն ու գիտելիքներն Արցախին ծառայեցնելու հնարավորության ու վստահության համար՝ Ա. Քուշկյանը հավաստիացրել է, որ համագործակցությունն արցախյան գործընկերների հետ լինելու է շարունակական։ 

ՙԵս և իմ ընտանիքը հպարտ ենք, որ հնարավորություն ենք ունեցել մասնակցելու Արցախի զարգացման գործին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել համակարգի բոլոր աշխատակիցներին այս երկու տարվա համատեղ արդյունավետ աշխատանքի համար՚,- ասել է Հ. Քուշկյանը՝ միաժամանակ շնորհավորելով ու հաջողություններ մաղթելով նորանշանակ նախարարին։ 

Համակարգի աշխատակիցների անունից շնորհակալություն հայտնելով Հ. Քուշկյանին՝ փոխնախարար Զոյա Լազարյանը նշել է, որ ասված խոսքերն ու գնահատականները չեն արտահայտում այն ամենը, ինչ իրականում արվել և զգացվել է։ Շնորհավորելով նորանշանակ նախարարին՝ Զ. Լազարյանը նրան մաղթել է հաջողություններ ունեցած ներուժը համակարգին ծառայեցնելու գործում։ 

Վարչապետ Հարությունյանը, շնորհավորելով նորանշանակ նախարար Կարինե Աթայանին՝  պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մասնավորապես, ասել է. 

ՙԴուք ծանոթ եք համակարգին, և համոզված եմ, որ Ձեր մասնագիտական և կազմակերպչական հմտություններով կնպաստեք առողջապահության ոլորտի արդյունավետության բարձրացման գործին։ Վստահ ենք, որ Դուք պատվով եք իրագործելու ոլորտի բարեփոխումները շարունակելու դժվարին առաքելությունը՚։ 

ԼՂՀ առողջապահության նորանշանակ նախարար Կարինե Աթայանը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին և վարչապետին՝ պատասխանատու պաշտոնի ստանձնման համար և վստահեցրել, որ հավատարիմ է մնալու ոլորտում սկսված բարեփոխումները շարունակական դարձնելու գործին։ 

 

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի բաժին