[ARM]     [RUS]     [ENG]

Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ ԹՇՆԱՄՈՒ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 6-ին աշխատանքային այցով մեկնել է Մարտակերտի շրջան՝ ռազմական գործողությունների հետևանքներին ծանոթանալու նպատակով։ 

 Գործադիր իշխանության ղեկավարը Մարտակերտ քաղաքում և Մատաղիս ու Թալիշ գյուղերում ծանոթացել է ապրիլի 2-5-ը թշնամու հրետակոծության հետևանքներին, ինչպես նաև՝ հանդիպել տեղի բնակիչների հետ։ Ա. Հարությունյանը երախտագիտություն է հայտնել բնակիչներին՝ ստեղծված իրավիճակում խիզախություն դրսևորելու և հայրենի համայնքներում մինչև վերջ կանգնելու վճռականության համար։ 

ՙԿառավարության կողմից արվելու է հնարավորը թշնամու արկակոծության հետևանքով բնակիչների վնասված առանձնատները և համայնքային ենթակառուցվածքները կարճ ժամանակամիջոցում վերականգնելու համար։ Մի քանի օրվա մեջ քաղաքաշինության նախարարության համապատասխան մասնագետների կողմից կգույքագրվեն բոլոր վնասները՝ հնարավոր սեղմ ժամկետներում դրանց վերականգնման աշխատանքները սկսելու նպատակով՚,- ասել է վարչապետը և հավելել, որ վնասված ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը վերականգնելու համար համապատասխան կառույցների կողմից արդեն ինտենսիվ աշխատանք է իրականացվում։ 

Այցի ընթացքում վարչապետին ուղեկցել են Էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք։ 

 

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի բաժին