ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ, ՙՎԻՐԱՀԱՅԵՐԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ՚ ՀԿ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 16-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՙՎիրահայերի միասնություն՚ ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանին։ 

 Վարչապետը նշել է, որ, բացի մայր Հայաստանից, այս օրերին բազմաթիվ արձագանքներ են ստացվել Սփյուռքի տարբեր գաղթօջախներից, ովքեր իրենց նյութական և բարոյական աջակցությունն են հայտնել Արցախին։ Ա. Հարությունյանը կարևորել է ազգային համախմբվածության և Արցախի անվտանգության ամրապնդման գործում Ջավախքի և ջավախահայության ունեցած ներդրումը։ Նա շնորհակալություն է հայտնել Տաճատ Վարդապետյանին՝ Արցախի հետ ջավախահայության կապի ամրապնդման գործում ունեցած ակտիվ դերակատարության համար։ 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՙՎիրահայերի միասնություն՚ ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանը նշել է, որ ապրիլյան առաջին իսկ օրերին հանդես է եկել Արցախին սատար կանգնելու կոչով, որին անմիջապես արձագանքել են Ռուսաստանի Դաշնությունում ապրող մի խումբ ջավախահայեր, որոնց շնորհիվ զոհվածների ընտանիքներին զորակցելու համար հանգանակվել է շուրջ չորս միլիոն ռուբլի։ ԼՂՀ կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարի միջոցով մեկ միլիոնը փոխանցվելու է զոհված զինծառայողների՝ Արցախում ապրող ընտանիքներին։ Հանդիպմանը Տ. Վարդապետյանը տեղեկացրել է ՌԴ Իրկուտսկ քաղաքում բնակվող, ծնունդով Ջավախքից, Արթուր Գասպարյանի և Իրկուտսկի մարզի Նիժնեուդինսկ քաղաքի 35 հայ ընտանիքների միջոցներով Պաշտպանության բանակի համար ձեռք բերված ՙՈւԱԶ՚ մակնիշի երկու շտապօգնության մեքենաների մասին։ 

Հանդիպումից անմիջապես հետո Տաճատ Վարդապետյանը շտապօգնության մեքենաների բանալիներն անձամբ հանձնել է ԼՂՀ ՊԲ ներկայացուցչին։ 

 

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության 

և հասարակայնության հետ 

կապերի բաժին