[ARM]     [RUS]     [ENG]

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ

ԼՂՀ խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կատարած դաժանությունների մասին

 Հարգելի գործընկերներ,

Սույն թվականի ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիան ուղեկցվել է մարդու իրավունքների զանգվածային և բիրտ խախտումներով։

Այսօր հրապարկվել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ անգլերեն լեզվով կազմված միջանկյալ հրապարակային զեկույցն ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և Պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ս.թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին։

Զեկույցում վերլուծված են Ադրբեջանի հայատյաց՝ միջազգային իրավապաշտպան բոլոր պահանջները խախտող քաղաքականությունը, ինչպես նաև դրա սարսափեցնող հետևանքները՝ դաժանությունների կոնկրետ օրինակներով։ Զեկույցում քննարկված են Ադրբեջանի կողմից հայկական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ ատելության և բռնության դրդելու մասին վկայող՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների օբյեկտիվ գնահատականները, ինչպես նաև ներկայացված է ատելության քարոզը զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում։ Ընդ որում, առանձին ներկայացված է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար, ինչպես նաև հանրային այլ անձանց՝ ատելություն և բռնություն քարոզող հետևողական գործունեությունը։

Զեկույցում վեր են հանված մարդու իրավունքների ոլորտի միջազգային չափանիշների, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի պահանջների խախտումները։ Այդ տեսանկյունից են վերլուծված քաղաքացիական խաղաղ բնակչության, ինչպես նաև ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ հարձակումների, անմարդկային վերաբերմունքի դեպքերը։

Զեկույցը ներկայացվելու է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին, օմբուդսմենական միջազգային և արտերկրյա հաստատություններին։

Շնորհակալություն եմ հայտնում զեկույցի կազմման ընթացքում մեզ աջակցություն ցուցաբերած՝ ԼՂՀ քաղաքացիական հասարակության իրավապաշտպան կազմակերպություններին, ինչպես նաև լրատվության բոլոր այն միջոցների ներկայացուցիչներին, ում հրապարակումներում վեր են հանված ադրբեջանական զինված ուժերի իրականացրած՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների վայրագ դեպքերը։

Զգուշացում. Զեկույցը պարունակում է լուսանկարներ և դեպքերի նկարագրություններ, որոնք նախատեսված չեն 18-ից ցածր տարիքի անձանց համար։ Ընդ որում, զեկույցում օգտագործված են միայն այնպիսի լուսանկարներ, որոնք լայնորեն տարածվել և քննարկվել են զանգվածային լրատվության միջոցներում։

 

Հարգանքով՝

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան

Շուշի, 21.04.2016թ.