[ARM]     [RUS]     [ENG]

Ադրբեջանը սպառնում է ֆրանսիացի պատգամավոր Մարլեն Մուրիեն. ԼՂՀ ԱԳՆ

 Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակն իր աջակցությունն է հայտնում Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեին, ով Ադրբեջանի կողմից բացահայտ սպառնալիքների է ենթարկվել։

Շրջանակի համար շարունակում է անհասկանալի մնալ այն, թե ինչու են Բաքվի կողմից բացահայտ կերպով իրականացվող սպառնալիքներն անարձագանք մնում ազգային իշխանությունների կողմից։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Չպետք է գայթակղվել։ Օրինականության քողի տակ Բաքուն նպատակ է հետապնդում Ադրբեջանում արդեն իսկ հաստատված ահաբեկչական ռեժիմի պես մեր երկրում ևս հաստատել սպառնալիքի ռեժիմ և սպառնալիքների ենթարկել այն անձանց, որոնց հանդեպ դժգոհություն ունի»,-ասել է Ֆարնսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը։

Բարեկամության շրջանակը հիշեցրել է, որ ապրիլի 22-ին Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության պահանջով շրջանակի անդամ, Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեին նախազգուշական փաստաթուղթ է ներկայացվել, որով արգելվում է Ֆրանսիացի պատգամավորներին այցելել Լեռնային Ղարաբաղ և պահանջվում չեղյալ համարել Բուրգ լե Վալանս և Շուշի քաղաքների միջև հաստատված համագործակցության խարտիան:

«Այս դեպքը առաջինը և միակը չէ, սակայն այն ավելի լուրջ է, քան նախորդները։ Մի քանի օր առաջ Գերմանիայում կատակերգակի նկատմամբ իրականացվել է հետապնդումներ, այն պատճառով, որ ծաղրել էր թուրք նախագահին։ Հիմա էլ ֆրանսիացի պատգամավորն է Ադրբեջանի կողմից ենթարկվել սպառնալիքի, այն քաղաքականության համար, որը պաշտպանում է։ Մինչև երբ պետք է հանդուրժենք, որ հանցագործ բռնակալները ոտքերը սրբեն մեր եվրոպական ժողովրդավարության վրա»,-հայտարարել է Ֆրանսուա Ռոշբլուանը։

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը նշել է, որ նախատեսում է կապ հաստատել այս հարցի շուրջ շահագրգիռ նախարարների հետ, որպեսզի պատշաճ պատասխան ստանա կոպիտ միջամտության համար՝ մի ռեժիմի կողմից, որն ամբողջ աշխարհում միաձայն ճանաչվել է որպես ամենաճնշողներից մեկը։

Մամուլի ծառայությունից հիշեցնում են նաև, որ հոկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և Արցախ ժամանած Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն ստորագրել են Բարեկամության հռչակագիր երկու քաղաքների միջև։

Հռչակագրում մասնավորապես նշվում է, որ ողջունելով Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերն՝ ուղղված ազատ և ժողովրդավարական հասարակության ստեղծմանն ու զարգացմանը, ու գիտակցելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեկուսացումը չի նպաստում ժողովուրդների երկխոսությանը և վերջնական խաղաղության հաստատմանը՝ կողմերը որոշել են բարեկամական կապեր հաստատել երկու քաղաքների միջև։

Հռչակագիրը նպատակ ունի նպաստել երկու քաղաքների միջև հարաբերությունների զարգացմանը և խթանել համատեղ ծրագրերի իրականացումը կրթության, մշակույթի, սպորտի, առևտրի և տեղական կառավարման ոլորտներում։