[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ մայիսի 5-ին կայացավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը։

 Օրակարգային հարցերը քննության առնելուց առաջ մասնակիցները քաղաքապետի առաջարկությամբ մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան քառօրյա պատերազմում  և հետագա օրերին նահատակված հայորդիների պայծառ հիշատակը։

Ավագանին որոշեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 450 հազար դրամ հատկացնել ավագանու անդամներին՝ վերջիններիս կողմից 2016թ. առաջին  եռամսյակում կատարած որոշակի ծախսերի փոխհատուցման համար։ Նիստում որոշում կայացվեց համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրատվության կարգով օտարելու վերաբերյալ։ Ավագանին իր համաձայնությունը տվեց նաև մայրաքաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 25 շենքի 1-ին հարկից՝ 27,57 քառ.մետր մակերեսով ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով ՙԱֆղանստանի պատերազմի վետերանների միություն՚ հասարակական կազմակերպությանը տրամադրելու վերաբերյալ որոշմանը։

Նիստում ի գիտություն է ընդունվել նաև քաղաքացիական պաշտպանության հաղորդագրությունը՝ անհրաժեշտության դեպքում բնակչության պատսպարման նպատակով բարձրահարկ շենքերի նկուղները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ։ Ստեփանակերտի քաղաքապետի հանձնարարությամբ աղբից ազատվում են հիշյալ տարածքները, նորոգվում, անցկացվում է էլեկտրահոսանք, տեղադրվում են դռներ և նստարաններ։ 

Բազմահարկ շենքերի և դպրոցների նկուղներում անվտանգության ապահովման տեսանկյունից կարևորելով իրականացվող միջոցառումների նշանակությունը, քաղաքապետ Ս. Գրիգորյանը տարածքի սեփականատերերին և վարձակալներին հորդորեց չխոչընդոտել շինարարական կազմակերպությունների կողմից տարվող աշխատանքներին, իսկ քաղաքի բնակիչներին կոչ արեց ըմբռնումով մոտենալ խնդրին և ակտիվ մասնակցություն ցուցաբերել նկուղների (պատսպարման օբյեկտների) սանիտարական մաքրմանը։

Նիստում ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակի շրջանակում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես եկավ  փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը։

Չկորցնելով զգոնությունը և աջակցելով Պաշտպանության բանակին, մայրաքաղաքի կենսաապահովման կազմակերպությունները ջանք չեն խնայում իրենց պարտականություններն անթերի կատարելու, բնակչության բնականոն կյանքին նպաստելու համար։ Ստեփանակերտում պատշաճ մակարդակով է անցկացվել ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման միամսյակը, որին ակտիվ մասնակցություն են ունեցել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներն ու ընկերությունները, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցները և ուսումնական մյուս հաստատությունները։ ՙՍանմաքրում՚, ՙԲնակարանային շահագործման տնտեսություն՚, ՙԱկադեմիկոս Թախթաջյանի անվան Ստեփանակերտի բուսաբանական այգի՚ ընկերությունների աշխատակիցների աջակցությամբ սանմաքրման են ենթարկվել բակերն ու հրապարակները, բազմաբնակարան շենքերի մուտքերն ու նկուղները, հովանոցները, քաղաքից դուրս է բերվել 41 տոննա կենցաղային և 61 տոննա շինարարական աղբ։ Փխրեցվել են կանաչ գոտիները, երիտասարդացվել և կրապատվել ծառերը, ձևավորվել թփերը։ Ստեփանակերտի տարբեր փողոցներում և թաղամասերում տնկվել է շուրջ 230 ծառ և վարդի թուփ, 50 հազար հատ ծաղկի սածիլ։ Այս օրերին ընկերության աշխատակիցները սիզամարգերում և պուրակներում զբաղված են խոտհարքի, սածիլների նորատունկ թփերի և ծառերի խնամքի կազմակերպման աշխատանքներով։

Նիստի ավարտին ավագանու անդամներին հետաքրքրող հարցերի շուրջ պարզաբանումներով հանդես է եկել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի 

մամուլի ծառայություն