Logo
Print this page

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստում, որ վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ներառված էին ամենատարբեր ուղղությունների շուրջ մեկ տասնյակ հարցեր։

 Ավագանին կողմ քվեարկեց քաղաքային համայնքի ավագանու նոր կանոնակարգն ընդունելու և 2001 թվականի թիվ 76 և 2004 թվականի թիվ 1 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշման նախագծին։ Կանոնակարգով կարգավորվում է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու գործունեությունը, նիստերի նախապատրաստումն ու անցկացումը, վերահսկողություն է սահմանվում քաղաքապետի կողմից լիազորությունների իրականացման նկատմամբ։ Կանոնակարգով ամրագրվում են ավագանու անդամների իրավունքներն ու պարտականությունները, մյուս գործառույթները։

Քննարկումների արդյունքում ավագանին իր համաձայնությունը տվեց քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Ստեփանակերտի Մ.Գոշ փողոցի 1/6 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքն ուղղակի վաճառքի ձևով և Առաքելյան փողոցի հ. 1 շենքի (հանրակացարանի) թվով 5 սենյակները՝ նվիրատվության կարգով օտարելու մասին որոշումներին։ Ավագանու մեկ այլ որոշմամբ Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի թիվ 21 շենքի առաջին հարկից, վարձակալության իրավունքով, 16.44 քառ. մետր ոչ բնակելի տարածք տրամադրվեց՝ որպես  գրասենյակ  օգտագործելու նպատակով։

Նիստում որոշում կայացվեց քաղաքային համայնքի ավագանու անդամներին 2016թ. երկրորդ եռամսյակի ծախսերի փոխհատուցման նպատակով համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 450 հազար դրամ գումար հատկացնելու մասին։

Ի գիտություն ընդունվեց նաև քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանի հաշվետվությունը՝ Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2016թ. բյուջեի 1-ին կիսամյակի կատարման մասին։

Անդրադառնալով հարցին, քաղաքապետ Ս. Գրիգորյանը պարզաբանման կարգով նշեց, որ սեփական եկամուտների նվազման միտումը գլխավորապես պայմանավորված է ապրիլյան դեպքերով։ Հիշյալ իրադարձությունների հետևանքով ձգձգվել է մատուցված ծառայությունների դիմաց քաղաքացիներից՝ վարձավճարների գանձման և հարկերի հավաքագրման գործընթացը։ Ֆինանսական միջոցների սղության պատճառով լիարժեք չեն իրականացվել նաև կապիտալ շինարարության մասով նախատեսված ծրագրերը։ Քաղաքապետը հավելեց, որ համայնքային բյուջեի մուտքերի ապահովման գործընթացը վերահսկվում է իրավասու բաժինների կողմից և արդեն մի շարք եկամտահարկերի գծով շոշափելի առաջընթաց է նկատվում։

Վերջում ավագանու անդամների կողմից բարձրացվեցին կենսական նշանակության մի շարք հարցեր, որոնց ուսումնասիրման և լուծման ուղղությամբ քաղաքապետը խոստացավ կոնկրետ քայլեր ձեռնարկել։

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի 

մամուլի ծառայություն

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.