[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Հուլիսի 25-ին Ազգային ժողովում ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ առաջին հանրային քննարկումները՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասնակցությամբ։

 Մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ներկայացնելով նախագծի կառուցվածքը, նշել է, որ այն բաղկացած է նախաբանից և 5 գլուխներից. մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, կառավարման համակարգը, դատական իշխանությունը, տեղական ինքնակառավարումը և հանրաքվեն։

Համաձայն ընթացակարգի՝ այնուհետև իրենց տեսակետներն են առաջադրել հանդիպմանը հրավիրված՝ ՙԱզատ հայրենիք՚, Արցախի ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն, ՙՇարժում-88՚, ՙԱզգային վերածնունդ՚ խորհրդարանական կուսակցությունների և Լեռնային Ղարաբաղի կոմունիստական, Արցախի Արմենական և Արցախի հանրապետական արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները։ Քաղաքական կառույցների պատասխանատուներն անդրադարձել են մարդու իրավունքներին, տեղական ինքնակառավարմանը, դատական ոլորտին և անվտանգության ու պաշտպանության համակարգերին վերաբերող տարաբնույթ հարցերի։

Հանդիպման հիմնական քննարկումը ծավալվել է կառավարման համակարգի նախագահական և խորհրդարանական մոդելների շուրջ։ Մտքերի փոխանակության ընթացքում կուսակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել իրենց տեսակետներով, որից հետո անհրաժեշտ պարզաբանումներ են ստացել հանձնաժողովի նախագահից։

Ամփոփելով հանդիպումը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ քննարկումները շարունակվելու են առաջիկա օրերին, և մինչև օգոստոսի 1-ը հայեցակարգի նախագիծը ներկայացվելու է Հանրապետության նախագահին։ Հայեցակարգին հավանություն տալուց հետո միայն մասնագիտական հանձնաժողովը կսկսի սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումը՝ վերջնական տեսքով այն ներկայացնելու համար։

 

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն