[ARM]     [RUS]     [ENG]

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ...

Մասնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումները հուլիսի 26-ին շարունակվել են Արցախի պետական համալսարանում՝ դատական համակարգի ներկայացուցիչների և հանրապետության բուհերի իրավագիտության, քաղաքագիտության և պատմության դասախոսների մասնակցությամբ։

 Մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է մինչ այս փուլը հանձնաժողովի կատարած աշխատանքը, որից հետո՝ հայեցակարգի նախագիծը։

Այնուհետև ներկաները հարցեր են առաջադրել մասնագիտական հանձնաժողովին՝ հայեցակարգի նախագծում իշխանությունների տարանջատման, զսպման և հակակշռման սկզբունքների, դատական բնագավառի օրենսդրական կարգավորումների իրականացման գործում նույն համակարգի ներկայացուցիչների մասնակցության հնարավորության, մարդու իրավունքների եվրոպական չափորոշիչների և ազգային մտածելակերպի համադրելիության, ինչպես նաև երկրի կառավարման մոդելների թեմաներով։

Հանդիպման ընթացում մասնագիտական հանձնաժողովը ստացել է նաև մի շարք առաջարկություններ՝ սահմանադրության նախագծի մշակման փուլում համապատասխան մասնագետներից կազմված աշխատանքային խմբի ստեղծման, ինչպես նաև առաջարկությունների ու կարծիքների համար համապատասխան հարթակ ձևավորելու վերաբերյալ։

Քննարկումների ավարտին Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել հասարակության մասնակցությունը երկրի համար կարևորագույն փաստաթղթի հայեցակարգի նախապատրաստման գործում և հավելել, որ աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումներին և մշտական փոփոխություններին Արցախը նույնպես պետք է պատրաստ լինի՝ նոր լուծումներ ու համարժեք քայլեր ձեռնարկելով։ 

 

... ՈՒ  ՏԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ

ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 27-ին Շուշի քաղաքում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումներ է կազմակերպել տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուների՝ Ստեփանակերտի քաղաքապետի ու շրջանների վարչակազմերի ղեկավարների, ինչպես նաև կառավարության տարածքային կառավարման ու վերաբնակեցման վարչության պետի ու համապատասխան բաժինների ներկայացուցիչների հետ։

Ներկայացնելով հայեցակարգի նախագծում տեղ գտած գլուխները՝ մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն առավել մանրամասն անդրադարձել է ՙՏեղական ինքնակառավարում՚ գլխին։

Մտքերի փոխանակության ընթացքում պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման պատասխանատուները կարծիքներ են արտահայտել հայեցակարգում տեղ գտած գաղափարների ու եզրակացությունների մասին և առաջարկել ուշադրություն դարձնել վարչական շրջանների ղեկավարների լիազորությունների ընդլայնմանն ու տարածքային կառավարման գործող մեխանիզմների կատարելագործմանը։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև երկրի կառավարման մոդելների հնարավոր տարբերակներին։

Եզրափակելով քննարկումը՝ մասնագիտական հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ ՏԻՄ բնագավառի վերաբերյալ առաջադրված խնդիրները ենթակա են վերլուծության, և ընգծել, որ առավել խնդրահարույց ու նեղ ուղղվածության հարցերի լուծումը նպատակահարմար է տեղափոխել օրենսդրական կարգավորման դաշտ։ 

 

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն