[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՆԱԽԱՏԵՍՈՒՄ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 6-ին Հադրութ քաղաքում, շրջանի համայնքապետերի և խոշոր հողօգտագործողների մասնակցությամբ, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որտեղ հայտարարել է, որ գյուղատնտեսության զարգացման համար կառավարությունը նոր միջոցներ է նախատեսում։

 Վարչապետը հադրութցիների հետ շարունակել է նախօրեին Մարտակերտում ծավալած՝ գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգի մշակման հետ կապված հարցերի քննարկումը։ Նա, մասնավորապես, անդրադարձել է շրջանում առկա գյուղատնտեսական ներուժին, ստացված արդյունքներին և չիրացված մեծ հնարավորություններին։ Գործադիրի ղեկավարը մանրամասնորեն ներկայացրել է հայեցակարգի նախնական դրույթները և նշել, որ փաստաթղթի վերջնական ընդունումից հետո դրանք կյանքի կոչելու համար կառավարության կողմից զգալի չափով ֆինանսական միջոցներ կհատկացվեն։ 

ՙԿառավարությունը գերադասում է տնտեսության իրական աճի արդյունքում գոյացած միջոցների մի զգալի մասն ուղղել գյուղատնտեսության զարգացմանը։ Դա մեզ հնարավորություն է տալու հանրապետությունում արտադրել մրցունակ ու էժան գյուղմթերք, որն էլ հեռանկարում ընդհանուր քաղաքականության մեջ իր բարերար ազդեցությունն է թողնելու նաև սոցիալական խնդիրների մեղմացմանը՚,- ասել է Ա. Հարությունյանը։

Հայեցակարգի առանձին դրույթների վերաբերյալ ելույթով հանդես է եկել նաև գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, ով հորդորել է Հադրութի հողօգտագործողներին ակտիվորեն ներգրավվել գյուղնախարարության կողմից առաջիկայում կազմակերպվելիք դասընթացներին։ Նախարարի խոսքով՝ Արցախում առաջին անգամ կազմակերպվող այդ դասընթացները մասնակիցներին հնարավորություն են տալու ունենալ մասնագիտական գիտելիքներ՝ արդի պահանջներին համապատասխան գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, և ստանալ պետական համապատասխան աջակցություն։

Հանդիպման վերջում ներկաների միջև մտքերի փոխանակում է տեղի ունեցել բարձրացված հարցերի շուրջ։

 

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և 

հասարակայնության հետ կապերի բաժին