Logo
Print this page

Աշոտ Ղուլյանն ընդունել է արձակագիր Նարինե Աբգարյանին

Նոյեմբերի 8-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է արձակագիր Նարինե Աբգարյանին և նրան ուղեկցող անձանց:

Նարինե Աբգարյանի՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» ստեղծագործությունը նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած «Յասնայա պոլյանա» գրական մրցանակաբաշխության «21-րդ դար» գլխավոր անվանակարգում ժյուրիի կողմից ընտրվել է հաղթող: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը շնորհավորել է հեղինակին հաղթանակի կապակցությամբ և կարևորել հայանպաստ այն աշխատանքը, որ նա կատարում է արտերկրում: «Շատ կարևոր է, որ նաև գեղարվեստական գրքերի միջոցով դրսում տեղեկանան հայկական իրականության դրվագներին: Ցանկանում եմ առանձնացնել մատուցման Ձեր յուրահատուկ ոճը, ինչը ժամանակակից մարդուն, ով երկար տեքստեր ընթերցելու ժամանակ չունի, ստիպում է ընթերցել գիրքը սկզբից մինչև վերջ»,- նշել է Աշոտ Ղուլյանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նարինե Աբգարյանը նշել է, որ այսօր էլ Արցախում է՝ նոր նյութերի հավաքագրման համար և որ արդեն իսկ աշխատում է ապրիլյան պատերազմի մասին պատմվածքի ստեղծման ուղղությամբ: «Ստեղծագործություններիս շարունակականությունն ապահովվելու նպատակով այցելում եմ Արցախ՝ այստեղից զորություն և ուժ ստանալու համար», - բացահայտել է արձակագիրը: Քննարկվել են Նարինե Աբգարյանի գրքերի՝ հայրենիքում և աշխարհի հայաշատ վայրերում տարածման և հանրայնացման հարցերը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.