[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին այցելել է Մարտունի քաղաք և տեղի մշակույթի տանը մասնակցել շրջանի բազմազավակ ավելի քան 30 ընտանիքների համար կազմակերպված բարեգործական միջոցառմանը։

 Ռուսաստանաբնակ բարերար Համլետ Վաչենանցի նախաձեռնությամբ՝ Մարտունու շրջանի  բազմազավակ ու կարիքավոր ավելի քան 30 ընտանիքների, որպես աջակցություն, ըստ առաջնահերթության, տրամադրվել է հագուստ, կահույք, կենցաղային տեխնիկա և այլ անհրաժեշտ ապրանքներ։ Ծրագրին իրենց մասնակցությունն են ունեցել նաև բարերարներ Օնիկ Էվրիկյանը, Սեմյոն Դավիդովը և Գագիկ Այվազյանը։ Նրանք հատուկ ժամանել են Արցախ՝ մեկ հարկի տակ այդ ընտանիքների հետ ծանոթանալու և իրենց զորակցությունը հայտնելու համար։

Ողջունելով բարերարներին՝ Արցախի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրանց կարևոր նախաձեռնության համար և նշել, որ սոցիալական խնդիրները հաղթահարելու ճանապարհին նման աջակցությունները մեծ նշանակություն ունեն ինչպես բնակչության, այնպես էլ կառավարության համար։

ՙԺողովրդագրական աճի ապահովումը կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է։ Այդ ճանապարհին բազմազավակ և կարիքավոր ընտանիքների համար մենք իրագործում ենք բազմաթիվ պետական ծրագրեր, սակայն հատկապես բազմազավակ ընտանիքներում սոցիալական խնդիրների լուծման համար միայն պետական միջոցները բավարար չեն։ Ուստի շատ ուրախալի է, երբ պետության հետ միասին այդ ընտանիքների կողքին կանգնում են նաև հայրենիքից դուրս ապրող մեր հայրենակիցները՚,- ասել է վարչապետը և հույս հայտնել, որ օրինակը վարակիչ կլինի ուրիշների համար։

Իր ելույթում Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նաև միջոցառմանը ներկա ռուսաստանաբնակ բարերար Կարեն Ղազարյանին՝ պետական կարևորագույն մի շարք ծրագրերին զգալի աջակցություն ցուցաբերելու համար, և հայրենիքին մատուցած ծառայությունների համար նրան պարգևատրել է վարչապետի հուշամեդալով։

Բարերարներին իր երախտիքի խոսքն է ասել նաև Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը և շրջանի վարչակազմի անունից նրանց հանձնել շնորհակալագրեր։

Իրենց հերթին բարերաները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի համար և նշել, որ իրենց կողմից Արցախին աջակցության ծրագրերը շարունակական են լինելու։ 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի բաժին