[ARM]     [RUS]     [ENG]

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.
<<Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: 
Ոստիկանը միշտ վայելել է մեր ժողովրդի հարգանքն իր անբասիր ու պատասխանատու աշխատանքով` ուղղված մարդու անվտանգության, հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովմանը, հանցագործությունների եւ իրավախախտումների նախականխմանը եւ կանխմանը, հանցագործությունների հայտնաբերմանը եւ բացահայտմանը: 
Այդ բարդ ու դժվարին աշխատանքի հաջող իրականացման, առաջադրված խնդիրների արդյունավետ լուծման գրավականն, անշուշտ, բարձր արհեստավարժությունն է եւ մարդկային ու բարոյական որակները, հայրենասիրությունն ու անմնացորդ նվիրվածությունը ձեր գործին եւ հայրենիքին: Դա առաջնահերթ եւ պարտադիր պայման է ոստիկանի մասնագիտության համար:
Պետությունն իր հերթին այսուհետ էլ կանի հնարավորը ձեր աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ` մշտական ուշադրության կենտրոնում պահելով համակարգի առջեւ ծառացած խնդիրները:
Թանկագի՛ն բարեկամներ, 
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ եւ մաղթում հաջողություններ ձեր պատասխանատու ծառայության մեջ, խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք>>: