[ARM]     [RUS]     [ENG]

Արայիկ Հարությունյանը ընդունել է Գերմանիայի Բադեն Վյուրթենբերգ երկրամասի հայ համայնքի հոգևոր հովվին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 23-ին ընդունել է Գերմանիայի Բադեն Վյուրթենբերգ երկրամասի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանին:

Վարչապետը բարձր է գնահատել հայ համայնքի ծավալած ազգանպաստ գործունեությունը և շնորհակալություն հայտնել Արցախին օգնություն ցուցաբերելու համար: 
«Ապրիլյան դժվար օրերին միշտ զգացել ենք սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը: Այդ օգնությունը լոկ սոցիալական խնդիրների լուծում չէր, այն առավել ևս հոգեբանական մեծ աջակցություն էր ողջ արցախահայության համար»,- նշել է կառավարության ղեկավարը և Տեր Տիրատուր քահանա Սարդարյանին հանձնել կառավարության շնորհակալագիրը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Տեր Տիրատուրը վարչապետին ներկայացրել է իրենց առաքելության մասին և հավելել, որ Արցախի անապահով ընտանիքներին համայնքի կողմից ցուցաբերվող աջակցությունը շարունակական է լինելու:
Հանդիպմանը ներկա էին ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը: