[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ՝ 2017թ. ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ

Արցախի Հանրապետության կառավարությունը հրապարակել է հատուկ հաշվեհամարի մուտքերի և ելքերի (ծախսերի) վերաբերյալ ընդհանրական հաշվետվությունը՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ։

 2016թ. ապրիլի 4-ից մինչև 2017թ. հունվարի 1-ը 7,903 ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել ընդհանուր առմամբ 5,484,130,100 ՀՀ դրամ։ Ըստ արժույթի՝ փոխանցումները բաշխվել են հետևյալ կերպ՝ 2,519,339,800 ՀՀ դրամ, 5,032,601 ԱՄՆ դոլար, 180,428 եվրո և 62,631,827 ՌԴ ռուբլի։

Սույն թվականի հունվարի 1-ի դրությամբ հավաքագրված գումարներից և կառավարության արտաբյուջետային հաշվից տարբեր նշանակության ծախսեր են կատարվել ընդհանուր առմամբ, 6,003,654,100 դրամի չափով, որոնք արտահայտված են հետևյալ ընդհանրական տողերում՝

Փոխանցում ԼՂՀ պաշտպանության նախարարությանը՝ 1,359,862,200 ՀՀ դրամ։ Այդ միջոցները տնօրինել է պաշտպանության նախարարությունը՝ ըստ իր կարիքների և առաջնահերթությունների։

Ռազմական նշանակության տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերում՝ 1,458,724,500 ՀՀ դրամ։ Առաջնագծի ողջ երկայնքով տեղադրված սարքավորումները բարձրացրել են դիրքերի պաշտպանունակության մակարդակը, ինչպես նաև՝ հակառակորդի տեղաշարժի վերահսկման հնարավորությունները՝ թե՜ մերձակա և թե՜ հեռու տարածությունների վրա, թե՜ ցերեկային և թե՜ գիշերային պայմաններում։

Ինժեներական աշխատանքների կատարում՝ 1,144,556,400 ՀՀ դրամ։ Այս աշխատանքները ներառել են և՜ առաջնագծի, և՜ թիկունքային ինժեներական ամրությունների կառուցում և բարեկարգում։

ՊԲ կարիքների համար ենթակառուցվածքների, տրանսպորտի ու կապի ծառայությունների և կապիտալ ծախսերի իրականացում՝ 1,012,035,600 ՀՀ դրամ։ Այս ծախսերի միջոցով բարելավվել են առաջնագծին սպասարկող ենթակառուցվածքները և արդիականացվել են կապի միջոցները։

 Զորակոչված քաղաքացիներին և կամավորականներին դրամական աջակցության տրամադրում՝ 1,028,476,400 ՀՀ դրամ։ Ֆինանսական աջակցություն է տրվել ԼՂՀ գրանցում ունեցող այն կամավորներին, ովքեր կա՜մ գործազուրկ/ինքնազբաղված էին և որոշակի եկամուտ են կորցրել կամավորության ընթացքում, կա՜մ հաստատագրված գումարի չափից ավելի ցածր աշխատավարձ էին ստանում։

Նշենք, որ, ընդհանուր առմամբ, հատուկ հաշվեհամարում հավաքագրված միջոցներից շուրջ 520 մլն դրամ ավելի գումար է ծախսվել, որն ուղղվել է կառավարության արտաբյուջետային հաշվից։

Բացի կառավարության հատուկ հաշվեհամարում հավաքագրված գումարներով կատարված աշխատանքների, տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձինք ևս առանձին աջակցություն են ցուցաբերել հատկապես տեխնիկական միջոցների, մեքենաների և անհրաժեշտ այլ պարագաների տրամադրման տեսքով։ Իսկ ինժեներական աշխատանքների զգալի մասը կատարել են շինարարական մասնավոր ընկերությունները՝ կառավարության կողմից իրենց ծախսերի մասնակի փոխհատուցմամբ։

Տեղեկացնենք, որ կառավարությունն ավելի մանրամասն հաշվետվություններ, որոնք ներառում են նաև հանգանակված գումարների ծախսման վերաբերյալ գաղտնի տեղեկություններ, ներկայացրել է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովին և խմբակցությունների ղեկավարներին: 

Կառավարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն անձանց, ովքեր իրենց նվիրատվություններով հնարավոր են դարձրել ներկայացված աշխատանքների իրականացումը։ Մենք մեծապես կարևորում ենք մեր գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ պատրաստ լինելով հնարավորության սահմաններում ներկայացնել հանրությանը հատուկ հաշվեհամարի միջոցների ծախսման մանրամասները։

Հիշեցնենք, որ հանգանակությունը բաց է, և բոլոր ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ առցանց հարթակով (վիզա, մասթեր և արքա քարտերով)՝

http։//minfin-nkr.am/?section=payameria/index

 

ԱՀ կառավարության 

աշխատակազմի տեղեկատվության 

և հասարակայնության հետ 

կապերի բաժին