Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ

Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցի համաձայն` փետրվարի 6-ից սկսվում է Առաջավորաց պահքը։ 

 Առաջավորաց պահքը հայ ժողովրդի առաջին ազգային պահքն է, և այն հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչը։ Ըստ ավանդության, Լուսավորիչը, ազատվելով Խոր Վիրապի տանջանքներից, պատվիրում է Տրդատ արքային ու ողջ ժողովրդին 5 օր պահք պահել ու ապաշխարել։ Այնուհետև նա 60 օր շարունակ Ավետարան է քարոզում ամենքին և մկրտում: Եւ երբ Ս. Գրիգոր Լուսավորիչը դառնում է Հայոց կաթողիկոս, ի հիշատակ արքունիքի և ժողովրդի հնգօրյա պահեցողության, սահմանում է Առաջավորաց պահքը: 

Թե ինչու է Առաջավորաց պահքը սահմանված 5-օր, եկեղեցու հայրերը տալիս են մի քանի մեկնություններ։ Նախ, որ այդպես է սահմանել Ս. Գրիգոր Լուսավորիչը։ Երկրորդ՝ քանի որ մարդ 5 զգայարաններ ունի, որոնցով մեղանչում է, ուստի այս պահեցողության շրջանը հնարավորություն է տալիս մարդուն զղջալու, ապաշխարելու և  Աստծուն մոտենալու: 

Եկեղեցական մեկ այլ ավանդությամբ, երբ Ադամը վտարվեց դրախտից, նա նույնպես 5 օր շարունակ ոչինչ չկերավ: 5-օրյա շրջանը խորհրդանշում է նաև Աստծո  արարչագործության առաջին 5 օրերը, որ յուրօրինակ պահքի օրեր էին, երբ ոչ ոք ոչինչ չէր ճաշակում: Սուրբգրային ավանդության համաձայն` այս նույն պահքն են պահել նաև Սեթ, Ենովք, Աբրահամ, Հակոբ ու Հովսեփ նահապետները։

Առաջավորաց պահքի անվանման վերաբերյալ տարբեր ստուգաբանումներ կան: Տարբերակներից մեկի համաձայն` այն կոչվում է Առաջավորաց, քանի որ Հայ Եկեղեցու առաջին պահքն է, որ նախորդում է Մեծ պահքին` լինելով վերջինիս նախակարապետը։ Մեկ այլ ստուգաբանմամբ անվանումը կապվում է առաջավորների` առաջին մարդկանց հետ, և հիշատակումն է Ադամի ու Եվայի` դրախտից արտաքսվելուց հետո 5-օրյա պահեցողության: Երկու տարբերակն էլ լիովին հավանական կարող են համարվել: Քանի որ պահեցողության այս շրջանն սկսվում է Ս. Սարգսի տոնից 5 օր առաջ, ուստի երբեմն կոչվում է նաև Ս. Սարգսի պահք, ինչն արդեն բոլորովին սխալ է։

Առաջավորաց պահքը միակ պահոց շրջանն է, որը, ժողովրդական սովորության համաձայն, ունի իր յուրահատուկ կերակրատեսակը` փոխինդը կամ փոխինձը (խաշիլ):

Տ. Ներսես քահանա Ասրյան

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի տեղեկատվական համակարգի տնօրեն