[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ

Ս. Արզումանյանի ելույթը Միջազգային դիտորդների և ԶԼՄ-երի ներկայացուցիչների մասնակցությամբ 19.02.17թ. ժամը 18.00-ին հրավիրված մամուլի ասուլիսին Արցախի Հանրապետության հարգարժան հյուրեր, դիտորդներ, ԶԼՄ-րի ներկայացուցիչներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անունից ողջունում և մեր երախտագիտությունն ենք հայտնում ձեզ՝ Արցախի Հանրապետության ընտրական և հանրաքվեների գործընթացների նկատմամբ ձեր հետաքրքրվածության և մշտական ուշադրության համար:

Ձեզնից շատերը Արցախում ընթացող ընտրական պրոցեսներին մասնակցում են ոչ առաջին անգամ: Եվ փաստ է այն, որ այդ գործընթացների վերաբերյալ նախկինում արտահայտած ձեր կարծիքները, իրավամբ, նպաստում են ժողովրդավարության ամրապնդման հստակ ուղիով ընթացող մեր Հանրապետության միջազգային վարկանիշի բարձրացմանը: Հաշվի առնելով մեր հանրապետության ընտրական համակարգում 1991 թվականից կուտակված փորձը, համապետական նշանակության ընտրություններ և հանրաքվեներ կազմակերպելու գործում միջազգային դիտորդների կողմից ներկայացրած առաջարկություններն ու եզրակացությունները, ընտրական օրենսդրության կատարելագործմանը զուգընթաց վերջին տարիների բարեփոխումները՝ արդի տեխնոլոգիաներ ներդնելու, ընտրական վարչարարության մարմինների որակավորման բարձրացման ուղղությամբ, կարելի է փաստել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվող յուրաքանչյուր հանրաքվե և ընտրություն նախորդի համեմատ առավել դրական տեսք է ունենում: Դրան են ձգտում և ընտրական հանձնաժողովները, և պետական իշխանության այլ մարմինները, իսկ ամենակարևորը՝ Արցախի Հանրապետության ընտրողները: Հարգելի ներկաներ 2017թ. փետրվարի 20-ը ԼՂՀ Նախագահի 2017թ. հունվարի 19-ի հրամանագրով սահմանվել է որպես Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի օր: Սա 26 տարվա անկախություն ձեռք բերած մեր երկրի թվով 3-րդ համապետական նշանակության հանրաքվեն է և այն անց է կացվում <Հանրաքվեի մասին> ԼՂՀ օրենքի ու 2015թ. հունվարի 1-ին գործողության մեջ դրված ԼՂՀ նոր ընտրական օրենսգրքի հիման վրա: Հանրաքվեների և ընտրությունների կազմակերպման տեսանկյունից մեզ համար կարևորվում է ինչպես ձգտումը՝ մեր երկրում անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխանող հանրաքվեներ և ընտրություններ, այնպես էլ դրա համար հիմք հանդիսացող իրավական դաշտի անընդհատ կատարելագործումը: Դա մեր իրականության մեջ իր արտացոլում է ստացել թե <Հանրաքվեի մասին> օրենքի փոփոխությունների տեսքով և թե նոր ընտրական օրենսգրքում: Օրենսդրության կատարելագործումը մշտապես մեր օրակարգում է և պատասխանատուներիս առջև միշտ խնդիր ենք դնում առավել կատարելագործված օրենսդրական դաշտ ապահովել ընտրողների ընտրական իրավունքի լիարժեք իրականացման համար, միևնույն ժամանակ առավել հստակ ու մատչելի աշխատանքային պայմաններ ստեղծելով ընտրական հանձնաժողովների համար: Ի դեպ, օրենսդրական այդ բարելավումների հիմքում նաև ԼՂՀ ընտրական գործընթացին հետևելու նպատակով Արցախ այցելած անկախ միջազգային դիտորդների կարծիքներն ու առաջարկություններն են: Բարելավումների մեջ կառանձնացնեի համակարգի թափանցիկությանն ու գործունեության հրապարակայնությանը վերաբերող նորույթները, որոնք, ի դեպ, մենք կիրառել ենք նաև 2015թ. մայիսի 3-ի ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այսպես.  Հստակ սահմանվել է, որ ամբողջ հանրաքվեի գործընթացը կարելի է լուսանկարել և տեսանկարել՝ չխոչընդոտելով հանձնաժողովի աշխատանքներին:  Հանրաքվեի հանձնաժողովների որոշումների, գործողությունների բողոքարկման իրավունքի, մեխանիզմների, ատյանների լայն շրջանակ է սահմանվել. հանրաքվեի արդյունքների մինչդատական բողոքարկման համար նախատեսված ժամկետը երկարաձգվել է ևս 4 ժամով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի, յուրաքանչյուր դիտորդի կամ զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցչի լայն իրավասություն է տրվում հանրաքվեի տեղամասերում վերահսկողություն, ստուգում իրականացնելու համար, ամրագրվել է վերահաշվարկի դիմումի ինստիտուտ: Մամլո ասուլիսի հարգելի մասնակիցներ Այժմ այն մասին, թե ինչ կազմակերպական աշխատանքներ են տարվել և ինչ նախահանրաքվեի պատկեր ունենք: Փետրվարի 20-ի հանրաքվեին, վերջին տվյալներով, մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի, այսինքն՝ 711-ով ավելի, քան նախորդ` 2015թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սա նշանակում է, որ Սահմանադրության հանրաքվեի մասնակցելու հնարավորություն ունի Արցախի Հանրապետության բնակչության 69 տոկոսը: Հանրաքվեն անցկացվելու է հանրապետության ողջ տարածքում, որն ընդգրկում է 11 ընտրատարածք` յուրաքանչյուրում 8000-9000 ընտրողներով: Կազմավորվել են թվով 280 հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներ, որից 1-ը`Երևան քաղաքում՝ քվեարկության օրը ՀՀ-ում գտնվող ԼՂՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքն ապահովելու նպատակով, 1-ը` քրեակատարողական հիմնարկում՝ կալանավորվածների համար: Ուշադրություն է դարձվել և հնարավորինս որպես տեղամասային կենտրոններ առանձնացվել են հիմնականում նորակառույց կամ վերանորոգված շենքերը: Այստեղ դեռ անելիքներ ունենք, ռազմական գործողություններից հետո ոչ բոլոր տեղամասերում է հնարավոր լինում ժամանակակից պայմանների ստեղծումը, բայց արվել է ամեն հնարավորը, հանրաքվեի պրոցեսը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Մենք մեծապես կարևորում ենք քաղաքացիների հետ անմիջականորեն շփվող հանրաքվեի հանձնաժողովների դերը, և դասընթացներ կազմակերպելու միջոցով հետևողական աշխատանքներ ենք տարել նրանց անդամների մասնագիտական պատրաստվածության աստիճանի բարձրացման ուղղությամբ: 2222 հանձնաժողովականներ պատրաստ են գործող օրենսդրության շրջանակներում տեղամասերում անցկացնել Սահմանադրության հանրաքվեն: Նրանց մեծ մասը՝գրեթե 68 տոկոսը, անկուսակցական է, 66 տոկոսը` կանայք, իսկ 30-40 տոկոսն էլ երիտասարդ քաղաքացիներ են, ովքեր առաջին անգամ են մասնակցում համապետական նշանակության հանրաքվեի: Արդեն ավարտվել է հանրաքվեի քարոզարշավի ժամկետը, որը մեկնարկել էր հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրից անմիջապես հետո և տևել մինչև փետրվարի 18-ը: Այս ժամանակահատվածը սովորաբար աչքի է ընկնում բավական ակտիվ մթնոլորտով և այդ ընթացքում քարոզչության բոլոր սուբյեկտների համար անկողմնակալ վերաբերմունք ապահովելը միշտ էլ հանրաքվեի հանձնաժողովների օրակարգում էր գտնվում: Գործել են Սահմանադրության նախագծի ընդունմանը կողմ և դեմ քարոզող 32 քարոզչական շտաբեր: Քարոզարշավի ընթացքում որևէ միջադեպ, առավել ևս` խախտում չի արձանագրվել: Հանրության շրջանում բացատրական աշխատանքներ է ծավալել այդ նպատակով հասարակական կազմակերպությունների կողմից ձևավորված իրազեկման կենտրոնը: Մեր ուշադրության հիմնական առանցքում տեղեկատվական աշխատանքների առավել աշխուժացումն էր, գործում է Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնը, ԿԸՀ կայքը: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը նաև մշակել է դիտորդների և հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների համար ուղեցույցեր, ընդ որում` նաև անհատական ուղեցույցեր, տեղեկատվական զանազան պաստառներ ու ցուցանակներ: Տարիների հետ միջազգային հետաքրքրվածությունը մեր երկրի հանդեպ ավելանում է: օրինակ, 1991թ. անկախության հանրաքվեին մասնակցում էր ընդամենը 40 դիտորդ: Այսօր` Սահմանադրության հանրաքվեին հրավիրված ու մասնակցում են 30-ից ավելի երկրներից 104 միջազգային դիտորդներ, 103 տեղական դիտորդներ, ԶԼՄ-րի 80-ից ավելի ներկայացուցիչներ: Այս հանգամանքը մեզ համար և ուրախալի է և միաժամանակ պարտավորեցնող: Հարգելի ներկաներ Ավարտելով խոսքս, հավատացած եմ, որ փետրվարի 20-ի` մեր երկրի համար այս խորհրդանշական օրը` Արցախի վերածննդի օրը, Սահմանադրության հանրաքվեն անցկացվելու է պատշաճ մակարդակով: Հանրաքվեն պետք է ավելի արդարացի, կազմակերպված և օբյեկտիվ լինի: Համոզված եմ, որ դա գիտակցում են թե ընտրական համակարգի պատասխանատուները և թե իրենց իրավունքն իրացնող ԼՂՀ քաղաքացիների մեծ մասը: Ընդհանուր առմամբ, Արցախի հանրապետության քառորդդարյա պատմության ընթացքում կազմակերպվել են համապետական նշանակության 2 հանրաքվեներ, Հանրապետության Նախագահի` 5 և Խորհրդարանական 6 ընտրություններ, տեղական հանրաքվեներ ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Արցախի Հանրապետությունում հանրաքվեներն ու ընտրությունները, որպես կանոն, միշտ էլ աչքի են ընկնում քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ: Օրինակ, 1991թ. ԼՂՀ անկախության հանրաքվեին մասնակցել է ընտրողների 82,2 տոկոսը, իսկ 2006թ. ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեին` 87,2 տոկոսը: Իսկ ընտրություններին ընտրողների մասնակցության միջին ցուցանիշը 65-70 տոկոս է: Հուսով եմ` փետրվարի 20-ի Սահմանադրական հանրաքվեին մեր քաղաքացիների մասնակցությունը ևս ակտիվ կլինի: Շնորհակալություն ուշադրության համար