[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է բոլիվիացի դիտորդներին

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 18-ին ընդունել է Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելություն կատարելու նպատակով Ստեփանակերտ ժամանած Բոլիվիայի բազմազգ պետության Պատգամավորների պալատի խորհրդարանականներ Ալիսիա Կանկիին, Նելլի Լենսին, Մարիո Միտային և աշխատակազմի ներկայացուցիչ Սանդրա Կիրոսին:

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ առաջին անգամ է Ազգային ժողովում հյուրընկալում Բոլիվիայից ժամանած պատվիրակության և երախտագիտություն է հայտնել, որ Արցախի համար շատ կարևոր քաղաքական իրադարձության օրը նրանք երկար տարածություն են հաղթահարել, որպեսզի աշխարհին ներկայացնեն հանրաքվեի ողջ ընթացքը: Բոլիվիայի բազմազգ պետության Պատգամավորների պալատի պատգամավոր Ալիսիա Կանկի Կոնդորին, ներկայացնելով Բոլիվիայի և Լեռնային Ղարաբաղի պատմության նմանությունները, կարևորել է Արցախի ժողովրդի՝ ժողովրդավարական արժեքներին հետևելու բարձր կամքն ու պատրաստակամությունը, ինչի վառ ապացույցն է նոր Սահմանադրությունը: «Մենք նույնպես պայքարում ենք ժողովրդավարական արժեքների համար, ուստի՝ ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այստեղ և մաս կազմել այս կարևոր պատմական իրադարձությանը»,- նշել է Ալիսիա Կանկին: Բոլիվիայի խորհրդարանական Մարիո Միտան պատգամավորների պալատի նախագահի և բոլիվիացիների անունից ողջունելով ԱԺ նախագահին՝ վստահություն է հատնել, որ Սահմանադրական բարեփոխումներն Արցախում հաջողությամբ կպսակվեն՝ հավելելով, որ իրենց համար մեծ հետաքրքություն է ներկայացնում Արցախի փորձը: Այնուհետև Աշոտ Ղուլյանը, հյուրերի խնդրանքով, ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների նախապատմությունը և պատասխանել նրանց հարցերին: Հանդիպմանը մասնակցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդգես Ուլուբաբյանը: