Logo
Print this page

Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելին և Յարոմիր Շտետինային

Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) պատգամավորներ Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ) և Յարոմիր Շտետինային (Չեխիա):

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը ընդգծել է, որ շատ ուրախ է Արցախի բարեկամներին տեսնել այստեղ ոչ միայն դժվարին օրերին, ինչպիսին նախորդ տարվա ապրիլն էր, այլև հիմա, երբ Լեռնային Ղարաբաղը կարևոր քայլ է կատարում: «ԵԽ ներկայացուցիչները հատուկ նշանակություն են հաղորդում Արցախի Սահմանադրության հանրաքվեին»,-նշել է Աշոտ Ղուլյանը: Ֆրանկ էնգելը ևս երախտագիտություն է հայտնել ԱԺ նախագահին՝ ընդունելության համար և ընդգծել, որ այս անգամ իրենք լավ առիթով են Արցախում՝ այն է՝ Սահմանադրության հանրաքվեն: Այնուհետև Եվրախորհրդարանի պատգամավորները ԱԺ նախագահին են առաջադրել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության, նախագծում առաջարկվող կառավարման մոդելի և սահմանադրության նախագծի այլ դրույթներին վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ դիտորդական առաքելության ընթացքում խորհրդարանականները կհավաքագրեն անհրաժեշտ նյութեր՝ հետագա գործունեության համար:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.