Կարծիքներ, գնահատականներ
Սաղաթել Բալասանյան.-Այսօր ես ներկայացել եմ հանրաքվեի ընտրատեղամաս, որպեսզի որոշեմ իմ Արցախ երկրի ճակատագիրը, գիտակցելով, որ ինչքան շատ մարդ ներկայանա քվեարկության, այնքան լավ` մեր երկրի համար:
Գտնում եմ, որ այս փոփոխություններն անհրաժեշտ են. ինչո՞ւ թողնել, որ մեր գեղեցիկ երկիրը կրի օտարաշունչ Ղարաբաղ անունը, երբ իր պատմական անունն Արցախ է: Ղարաբաղը վաղուց ՙսև այգի՚ չի, և մենք չպետք է թողնենք, որ այն նորից այդպիսի ճակատագիր ունենա:
Հունան Սարգսյան.- Ես գտնում եմ, որ այս Սահմանդրության փոփոխություններն անպայման օգուտ կբերեն ժողովրդին: Մենք ժամանակին մեր ձայնը տվել ենք գործող Նախագահին, ընտրել ենք Ազգային ժողով, և եթե նրանք այսօր որոշել են, որ նման փոփոխության կարիք կա, ուրեմն մի բան գիտեն: Ես վստահում եմ նրանց: Եթե չվստահենք, ուրեմն այստեղ ապրելն իզուր է: Ճիշտ է, Սահմանդրությունը չեմ կարդացել, բայց հեռուստացույցից, թերթերից ծանոթ եմ դրա էությանը: Իշխանությունն էլ ժողովրդից է ծնվել, ժողովրդի մի մասն է, ինչո՞ւ չվստահել: Նախագահն էլ հո երկնքից չի իջել, մի հայ մարդու տղա է...Եթե ճիշտ չի ղեկավարում, պետք է պատասխանատվության կանչվի, եթե չեն կանչում՝ ուրեմն մտածում է երկրի մասին: Այն, որ որոշվել է վերականգնել երկրի հին անունը, կողմ եմ երկու ձեռքով: Իսկ այն, որ հարցնում եք, թե՝ մեր անվտանգությունը, համոզվա՞ծ եմ, որ ապահովվում է, կպատասխանեմ՝ այո: Այն ապահովվում էր նաև գործող Սահմանադրությամբ, բայց ինչպես ցանկացած գործընթաց, փաստաթուղթ, Սահմանադրությունն էլ պիտի կատարելագործվի: Ես հավատում եմ, ամեն բան լավ է լինելու:
Արշալույս Գալստյան.- Քվեարկության եմ եկել սովորական տրամադրությամբ. այս օրը ես չեմ համարում տոնական, բայց եկել եմ իմ քաղաքացիական պարտքը կատարելու: 88-ի ոգին ժողովրդի մեջ հիմա չկա: Այն ժամանակ պայքարի ենք դուրս եկել` հույսով, որ այսօր ավելի լավ կյանք կունենանք: Ժողովուրդը միասնական էր, մեկ նպատակ ուներ: Այսօր ստացվում է այնպես, որ ամեն մարդ իր համար մի նպատակ ունի, իր մասին է մտածում: Չեմ ուզում հրապարակայնացնել՝ այո կասեմ, թե՝ ոչ սահմանադրական բարեփոխումներին, բայց ուզում եմ հավատալ, որ այս քայլը ճիշտ է, և մեր երեխաներն ավելի լավ երկրում են ապրելու:
Ռոզա Երեմյան.- Ես գնում եմ մեր Արցախին ՙԱյո՚ ասեմ: Որախ տրամադրություն ունեմ, հավատանք, որ այս փոփոխությունը դրական ազդեցություն կունենա ժողովրդի համար: Իմ որդին լրագրող է, այնպես որ ակտիվ հետևում էի բոլոր հրապարակումներին, քարոզչությանը, ու գիտեմ, թե ինչու եմ կողմ քվեարկում:
Սրբուհի ՎԱՆՅԱՆ