[ARM]     [RUS]     [ENG]

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է խթանել տեղական շինանյութերի արտադրությունը և կիրառումը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 20-ին հանդիպել է շինարարական խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տեղական շինանյութերի արտադրության խթանման հետ կապված մի շարք հարցեր: 

Շինարարության բնագավառի պատասխանատուներին ուղղված իր խոսքում կառավարության ղեկավարը կարևորել է կառուցապատման և բարեկարգման ծրագրերում տեղական շինանյութերի օգտագործման ծավալների ավելացման անհրաժեշտությունը: Ուստի, կառավարության ղեկավարի համոզմամբ, հարկ է վերանայել պետական քաղաքականությունն այդ ոլորտում: 
«Այսօր անհրաժեշտ է զարկ տալ տեղական շինանյութերի արտադրմանը և կիրառմանը, ինչն ունի սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն: Մյուս կողմից շռայլության հնարավորություն և իրավունք չունենք, առավել ևս երբ որոշ ծրագրերի կիսատ լինելու պատճառներից մեկն անտեղի թանկացումներն են»,- նկատել է վարչապետ Հարությունյանը: Նա հատուկ հանձնարարական է տվել ոլորտի պատասխանատուներին, որպեսզի նրանք հաշվի առնեն տեղական արտադրության ապրանքանյութերի օգտագործումը՝ քաղաքաշինական նախագծերում նախապատվությունը տալով արցախյան շինանյութերին, ինչը կխթանի արտադրության ընդլայնումն ու որակական տվյալների բարելավումը: 
Խորհրդակցության ընթացքում քաղաքաշինության նախարար Կ. Շահրամանյանը հանդես է եկել տեղեկատվությամբ և պարզաբանումներով քննարկվող հարցի վերաբերյալ: 
Հանդիպման ավարտին կառավարության ղեկավարը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին և տվել պարզաբանումներ: