[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ՀԱՆԳԻՍՏ Է

Շարունակելով վերահսկել հանրապետության համաճարակաբանական վիճակը և իրականացնելով մի շարք կանխարգելիչ միջոցառումներ՝ Արցախի առողջապահության նախարարությունն արձանագրել է առանձին հիվանդությունների նվազում և բացառում։

Հակահամաճարակային միջոցառումների  շնորհիվ Արցախում 2016թ. չեն գրանցվել որովայնային տիֆ, պարատիֆ, մալարիա, խոլերա, վիրուսային հեպատիտ Ա, սիբիրյան խոց հիվանդությունների դեպքեր, իսկ կանխարգելիչ պատվաստումների կատարման արդյունքում նշված ժամանակաշրջանում չեն արձանագրվել պոլիոմիելիտ, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, դիֆտերիա, փայտացում, կապույտ հազ կառավարելի վարակները։ Ընդհանուր առմամբ՝  2016-ին հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ:

ԼՂՀ իմունիզացիայի 2016-2020թթ. պետական ծրագրի իրականացման շրջանակներում 2016թ. ՀՀ առողջապահության նախարարության ՙՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն՚ ՊՈԱԿ-ի կողմից բարեգործական հիմունքներով տրամադրվել է մոտ 129 մլն դրամի պատվաստանյութ, ներարկիչներ, այրման տուփեր, ինչը բավարարել է Արցախի բնակչության, այդ թվում՝ նախազորակոչիկների և զորակոչիկների իմունիզացիայի ամբողջ պահանջարկը: Ծրագիրն իրականացվել է Արցախի կառավարության կողմից հաստատված պետական օրացույցի համաձայն։ Կատարողականը կազմել է 95-100%, որը համապատասխանում է կառավարության առաջադրած նորմերին (կատարողականը պետք է կազմի ոչ պակաս, քան 95%):  

Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունը համարվում է վիսցերալ լեյշմանիոզ հիվանդության նկատմամբ էնդեմիկ (տեղային) գոտի, ԼՂՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության  ՙՀամաճարակաբանության և հիգիենայի կենտրոն՚ ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից հիվանդության կանխարգելման նպատակով կազմակերպվել են տարբեր հակահամաճարակային՝ դեզինֆեկցիոն, դեզինսեկցիոն, դեռատիզացիոն միջոցառումներ, որը կշարունակվի իրականացվել նաև հետագա տարիներին:

Վերին շնչառական ուղիների ու գրիպի համաճարակաբանական իրավիճակը հսկելու և ժամանակին կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով աշնան և ձմռան  եղանակներին նախարարության կողմից կատարվել և կատարվում են ամենօրյա մշտադիտարկումներ: Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի տեղեկատվությամբ՝ ներկայումս վերին շնչուղիների և գրիպանման երևույթներով պայմանավորված համաճարակաբանական վիճակը համեմատաբար հանգիստ է։ Հանրապետության բուժհիմնարկների ամբուլատոր և ստացիոնար բաժանմունքների ընդհանուր տվյալներով՝ մարտի 16-ի դրությամբ վերին շնչուղիների հիվանդություններով գրանցվել է 25 դեպք, որից 20-ը՝ մինչև 18 տարեկան երեխաների շրջանում։  

Բացի դրանից, տեսչության մասնագետները ստուգումներ են կատարել ԼՂՀ տարածքում գործող 180 օբյեկտներում, այդ թվում`  կոմունալ, սննդի, նախադպրոցական հիմնարկներում, նաև լիցենզավորման ենթակա օբյեկտներում և տրվել համապատասխան հիգիենիկ եզրակացություն:

Իրականացվել են համալիր ստուգումներ ենթակա բուժհիմնարկներում, ի հայտ եկած թերությունները քննարկվել են տեղերում և տրվել մեթոդական ցուցումներ:

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ