[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ե լ ու յ թ ը Սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի վերաբերյալ ընդլայնված խորհրդակցության ժամանակ

Հարգելի՛ ներկաներ,

Այսօրվա խորհրդակցությունը նվիրված է մեր երկրում սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացին` կարեւոր մի խնդրի, որը պետական համակարգից պահանջում է մեծածավալ, համակարգված եւ քրտնաջան աշխատանք: 

 Նախքան այդ հարցերի քննարկմանն անցնելը` կուզենայի հակիրճ անդրադառնալ տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին վերաբերող մի շարք հարցերի: 

Հանրաքվեի քարոզարշավն անցել է ակտիվ, բաց, թափանցիկ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, միջազգային նորմերին եւ դրույթներին համապատասխան: Դա փաստել են նաեւ 30 երկրներից ժամանած դիտորդները, որոնց ընդհանուր քանակը հասնում էր 85-ի, իսկ աշխարհագրությունը ներառում էր երեք մայրցամաք: 

Մենք երախտապարտ ենք բոլոր դիտորդներին եւ կարեւորում ենք նրանց դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք դիտարկելով որպես մեր ժողովրդավարական համակարգի զարգացման եւ կատարելագործման, 

տարբեր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ կապերի հաստատման ու խորացման գործուն մեխանիզմներ: 

Միջազգային դիտորդների նման ներկայացուցչական մասնակցությունը նաեւ Արցախը` որպես ժողովրդավարական քաղաքակիրթ երկիր, միջազգային հանրությանը ճանաչելի դարձնելու ազդեցիկ գործոն է: 

Հարգելի՛ ներկաներ,

Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին՝ որպես օբյեկտիվ գործընթացի եւ ժամանակի պահանջի, մեր երկրի քաղաքական ուժերը բարձրաձայնում էին դեռեւս 4-5 տարի առաջ: Իրավաբանորեն դրանց մեկնարկը տրվեց Հանրապետության նախագահի՝ 2016 թվականի մարտի 21-ի հրամանագրով, երբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների եւ արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի առաջարկով ստեղծվեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որի հիմնական խնդիրը սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումն էր:

Այդպիսով սկսվեց սահմանադրական բարեփոխումների հաջորդ կարեւոր փուլը՝ բարեփոխումների հայեցակարգի եւ դրանից բխող բարեփոխումների նախագծի մշակման գործընթացը: Այդ ծավալուն աշխատանքը տարբեր ենթափուլեր անցնելուց հետո ավարտվեց անցած տարվա դեկտեմբերին, երբ Սահմանադրության նախագիծը ներկայացվեց Հանրապետության նախագահին: 

Իմ կողմից անցկացվեցին մի շարք քաղաքական խորհրդատվություններ, 

եւ ընդունվեց որոշում Սահմանադրական հանրաքվե նախաձեռնելու մասին: Այն անցկացնելու վերաբերյալ համաձայնությունը ստանալու նպատակով՝ նախագիծն ուղարկվեց Ազգային ժողով: Ստանալով խորհրդարանի համաձայնությունը՝ Սահմանադրության նախագիծը դրվեց համաժողովրդական քվեարկության:

 Փետրվարի 20-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո մեկնարկեց հաջորդ կարեւոր փուլը, երբ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրությունն արդեն իրականություն է:

Խոսելով ընդունված Սահմանադրության մասին՝ ուզում եմ մեկ անգամ եւս ընդգծել, որ այն նոր որակ է հաղորդելու մեր հանրապետության անվտանգության եւ պաշտպանունակության հետեւողական ամրապնդմանը: 

Նոր Սահմանադրության նորմերն ուղղված են ժողովրդաիշխանության սկզբունքների իրացման կառուցակարգերը բարելավելուն, իշխանության ճյուղերի հավասարակշռումը կատարելագործելուն ու հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելուն, այնտեղ ավելի հստակ ու համապարփակ են ամրագրված մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները: Եվ ամենակարեւորը, այն մեկ անգամ եւս հաստատում է Արցախի պետականաշինության փիլիսոփայությունը. Արցախը եղել է, կա եւ կմնա ազատ, ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն: 

Նոր Սահմանադրության որոշ դրույթներ արդեն իսկ գործում են: Խոսքը վերաբերում է սահմանադրական կարգի հիմունքների, մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների, տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքների եւ պետության քաղաքականության հիմնական նպատակների ու եզրափակիչ եւ անցումային դրույթների մասին գլուխներին:

Ներկա պահին մենք գտնվում ենք Սահմանադրությամբ հռչակված նորմերի կենսագործման եւ իրականացման ճանապարհին, գործընթաց, որը լինելու է երկարատեւ: Դա իր հերթին ենթադրում է ակտիվ եւ նպատակասլաց աշխատանք:

Հաշվի առնելով, որ Սահմանադրությամբ փոփոխվում են պետության կառավարման ձեւը՝ կիսանախագահականից` նախագահական, պետական կառավարման համակարգը, վարչատարածքային բաժանումը, ընդլայնվում են մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, նախատեսվում է անցումային փուլ, այդ միջոցառումները կարելի է բաժանել մի քանի ուղղությունների:

Առաջինը ներառում է իրավական ապահովման հարցերը: Դրանցից է՝ Սահմանադրությամբ կիրարկման ժամկետի նշումով ուղղակիորեն նախատեսված օրենքների՝ Ազգային ժողովի կանոնակարգ եւ հաշվեքննիչ պալատի մասին օրենքների ու Դատական օրենսգրքի ընդունումը: 

Այս օրենքների նախագծերի մշակման եւ ընթացքավորման գործընթացն ունի անհետաձգելի բնույթ, եւ անհրաժեշտ է կարճ ժամկետներում դա ավարտին հասցնել:

Իրավական ապահովման միջոցառումներից է Սահմանադրությամբ նախատեսված ընդունման եւ փոփոխման ենթակա օրենքների ցանկի գույքագրումը եւ համապատասխան շրջանակի սահմանումը: Դրանից հետո համապատասխան իրավասու մարմինները պետք է ձեռնամուխ լինեն այդ ակտերի նախագծերի մշակմանը եւ ընթացքավորմանը: 

Իրավական ակտերի համապատասխանեցումը Սահմանադրությանը պետք է իրականացվի եւ ավարտվի երեք տարվա ընթացքում: Նման օրենքների թիվը հասնում է մի քանի տասնյակի:

Առկա են նաեւ իրավական ակտեր, որոնց ընդունումը թեեւ Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված չէ, սակայն կառավարման ձեւի փոփոխության, պետական մարմինների լիազորությունների վերաբաշխման, նոր ընտրակարգի, սահմանադրական նոր մշակույթի եւ նոր հարաբերությունների պայմաններում անհրաժեշտ է լինելու մշակել եւ ընդունել: 

Այդպիսի իրավական ակտերի շարքին են դասվում այն օրենքները եւ ենթաօրենսդրական իրավական ակտերը, որոնք, ըստ էության, հակասում են նոր Սահմանադրության տրամաբանությանը: Այս գործընթացը պահանջելու է հետեւողական աշխատանք: 

Սահմանադրությանը համապատասխան իրավական դաշտ ձեւավորելու ուղղությամբ մեծածավալ աշխատանք պետք է կատարվի Ազգային ժողովի կողմից: 

Այդպիսինն են Սահմանադրական բարեփոխումների իրականացման իրավական ապահովման միջոցառումները:

Ոչ պակաս կարեւոր են նաեւ անցումային փուլում իրականացվելիք մյուս աշխատանքները: 

Առաջին հերթին պետք է հաշվի առնել, որ Սահմանադրության անցումային դրույթներով նախատեսվում է գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից 50-ից 40 օր առաջ Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրություն՝ մինչեւ 2020 թվականի մայիսը լիազորությունների ժամկետով: 

Վերոնշյալ ընտրությունների իրավական կարգավորումը տրվելու է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով, որը պետք է մշակվի եւ ընդունվի Ազգային ժողովի կողմից առաջիկա երկու ամսվա ընթացքում:

Հարկ է նշել, որ սույն թվականի ամռանն ընտրված Նախագահն ստանձնելու է պաշտոնը՝ Սահմանադրությամբ նախատեսված բոլոր լիազորություններով, բացի Ազգային ժողովն արձակելու լիազորութունից: 

Եվս մի կարեւոր ուղղություն. կառավարման նախագահական ձեւի անցման պայմաններում Հանրապետության նախագահը հանդիսանալու է գործադիր իշխանության անմիջական ղեկավարը, մեր երկրում ներդրվելու է կառավարության ձեւավորման նոր կարգ, ինչը պահանջում է կառավարման նոր կառուցակարգերի ընդունում, որոնք կկարգավորեն Նախագահի լիազորությունների իրականացման ապահովումը, գործադիր իշխանության ղեկավարումը, իշխանության թեւերի փոխհարաբերությունները եւ բազմաթիվ այլ կազմակերպչական հարցեր:

Հաշվի առնելով նոր պահանջները՝ հատուկ կարեւորություն են ստանում կառավարության կառուցվածքի վերաբերյալ խնդիրները՝ նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմնից վերափոխվում է Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացմանն աջակցող գործադիր իշխանության կոլեգիալ մարմնի: 

Պետք է հստակեցվեն նաեւ կառավարությանն առընթեր մարմինների կարգավիճակը, Հանրապետության նախագահի եւ կառավարության աշխատակազմերի կառուցվածքը ու գործառույթների բաշխման հարցերը: 

Ընթացիկ տարում նախատեսվում է նաեւ բարձրագույն դատական խորհրդի ձեւավորումը՝ ընդլայնված լիազորություններով:

Առանձին կուզենայի անդրադառնալ հանրապետության վարչատարածքային բաժանման վերանայման հարցերին: Ինչպես տեղյակ եք, Սահմանադրությամբ երկրի վարչատարածքային միավորներ են ամրագրվել համայնքները, ինչը ենթադրում է տեղական ինքնակառավարման մասին նոր օրենքի մշակում եւ ընդունում: 

Վարչատարածքային բարեփոխումների համար տրված է հնգամյա ժամկետ: Սակայն, հաշվի առնելով խնդրի կարեւորությունը եւ այն, որ դա առնչվում է մեր երկրի բնակչության մեծամասնության կենսական շահերի ու պետական կառավարման համակարգի հետ, աշխատանքներն այս ոլորտում պետք է սկսել անհապաղ եւ ավարտին  հասցնել հնարավորինս կարճ ժամկետներում՝ լայն քննարկումների կազմակերպմամբ եւ համապարփակ որոշումների կայացմամբ: 

Ինչպես միշտ, Սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացում պետք է կիրառվի նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրական փորձը, իհարկե, հաշվի առնելով առկա յուրահատկությունները: Եթե մարդու իրավունքների եւ ազատությունների սահմանադրական կարգավորումները Հայաստանում եւ Արցախում համահունչ են, նույնը չի կարելի ասել մնացած ոլորտների մասին: Մեր Սահմանադրությունները հիմնականում տարբեր են, ինչն անհրաժեշտ է միշտ նկատի ունենալ աշխատանքների իրականացման ընթացքում:

Անցումային փուլում մեր առաջնային խնդիրներից է նոր գործառույթների եւ լիազորությունների պայմաններում յուրաքանչյուր պետական եւ համայնքային պաշտոնյայի՝ այդ գործառույթների եւ լիազորությունների իրականացման կարգերի ու մեխանիզմների մասին լիարժեք ձեւով իրազեկված եւ տեղեկացված լինելը:

Սահմանադրական բարեփոխումները պատշաճ մակարդակով կազմակերպելու, տարբեր պատասխանատուների աշխատանքը համակարգելու եւ նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը հսկելու, ինչպես նաեւ Սահմանադրության կիրարկման ընթացքում անխուսափելիորեն ծագող տարաբնույթ հարցերը քննարկելու նպատակով՝ անհրաժեշտ եմ համարում Սահմանադրական բարեփոխումների համակարգման ներկայացուցչական մարմնի ստեղծումը:

Հաշվի առնելով գործառույթների կարեւորությունը՝ այն նպատակահարմար է ստեղծել Հանրապետության նախագահին առընթեր: Այդ մարմնի կազմի եւ խնդիրների մասին համապատասխան որոշումը ես կընդունեմ մոտակա ժամանակահատվածում:

Խորհրդակցության հարգելի՛ մասնակիցներ,

Հատուկ կուզենայի երախտագիտություն հայտնել մեր կուսակցությունների եւ քաղաքական ուժերի, հասարակական հատվածի ներկայացուցիչներին, երիտասարդությանը, մտավորականությանը, մեր ազատամարտիկներին եւ վետերաններին, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ սահմանադրական բարեփոխումներին ակտիվ մասնակցելու եւ իրենց դիրքորոշումը հստակորեն արտահայտելու կապակցությամբ, ինչը կրկին ցույց տվեց Արցախում ամուր ժողովրդավարական  պետականության հետեւողական զարգացումը:

Հարկ եմ համարում մեկ անգամ եւս ընդգծել, որ մեր բոլոր ձեռքբերումների, երկրի անվտանգության ու բնականոն առաջընթացի երաշխիքը մեր զինված ուժերն են: Միայն ունենալով ամուր ճակատ՝ մենք կարող ենք ապրել ու արարել, զարգացնել տնտեսությունը եւ զորացնել մեր երկիրը:

Նոր Սահմանադրությունը նպաստելու է գործադիր իշխանության գործունեության արդյունավետության բարձրացմանը, որն էլ իր հերթին նոր որակ է հաղորդելու տարբեր մարտահրավերների արձագանքելուն եւ դիմակայելուն: 

Սահմանադրական բարեփոխումների հաջող իրականացման գրավականը՝ մեր բոլորիս գիտակցված վերաբերմունքն է իրենց առջեւ դրված խնդիրների լուծմանը, փոխգործակցված եւ փոխհամաձայնեցված աշխատանքը, ջանքերի առավելագույնս ներդրումը: 

Համոզված եմ, որ արդյունավետորեն աշխատելու ենք, եւ արվելու է հնարավորը սահմանադրական բարեփոխումների իրականացման ապահովման եւ Սահմանադրության կենսագործման ուղղությամբ:

 

Շնորհակալություն:

 

/ք.Ստեփանակերտ, 29 մարտի 2017թ./