[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ

Վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ ապրիլի 26-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության հերթական նիստը։

 Կառավարության հավանությանն է արժանացել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին ներկայացված հաշվետվությունը, որն օրինագծի տեսքով կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը։

Անդրադառնալով հանրապետության սոցիալ-տնտեսական հիմնական բնութագրիչներին՝ ԱՀ ֆինանսների փոխնախարար Գ. Մարտիրոսյանը  ներկայացրել է մակրոտնտեսական որոշ ցուցանիշներ։ Նրա ներկայացմամբ՝ 2016 թվականին գրանցվել է 9,2 % տնտեսական աճ։ Համախառն ներքին արդյունքը կազմել է 229.7 մլրդ դրամ (2015 թվականին՝ 209.3 մլրդ դրամ)։ 2016 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 59.0 մլրդ դրամ՝ 2015 թվականի համեմատությամբ աճելով 9.7 տոկոսով, իսկ գյուղատնտեսությունը՝ 68.5 մլրդ դրամ՝ աճելով 7.4 տոկոսով։

Ներկայացված տվյալներով՝ 2016 թվականին  պետական բյուջեի սեփական  եկամուտները կազմել են 33,711.1 մլն դրամ՝ նախատեսված ծրագիրը կատարելով 95,6 տոկոսով։ Նախատեսված 31,582.3 մլն դրամ հարկային եկամուտների և պետական տուրքի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 32,432.3  մլն դրամ, կամ այդ ցուցանիշը գերակատարվել է 2,7 տոկոսով։ Այլ եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 1,278.8 մլն դրամ, կամ ծրագրավորված ցուցանիշը գերակատարվել է 0,4 տոկոսով։

2016 թվականի ԼՂՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմել է 3,692.4 մլն դրամ։ 

2016 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 84,670.4 մլն դրամ, կամ ապահովվել է ճշտված պլանի  95 տոկոսը։

ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում ամբողջ ծավալով ֆինանսավորվել են աշխատավարձերը, թոշակները, նպաստները և կրթաթոշակները, որոնց ընդհանուր գումարը կազմել է 30,429.2 մլն դրամ, կամ բյուջեի ընդհանուր ծախսերի 35,9 տոկոսը։

Անդրադառնալով Բյուջե-2016 թվականի կատարողականին՝ վարչապետ Ա. Հարությունյանը նշել է, որ հաշվետու տարում ունեցել ենք ակտիվ ռազմական գործողություններ, որոնք իրենց բացասական ազդեցությունն են թողել տնտեսական ցուցանիշների և ՀՆԱ-ի ձևավորման վրա։ 

ՙԲյուջեի կատարողականի վրա բացասական հետևանք են ունեցել ապրիլյան իրադարձությունները։ Դրանք ազդեցություն են թողել հավանական ներդրումների վրա,  բազմաթիվ ներդրումային նախագծեր հետաձգվել են։ Բայց, անկախ ամեն ինչից, այսօր բավականին լուրջ քայլեր ենք  կատարում նախատեսված միջնաժամկետ ծախսային ծրագրով։ Եթե մեր ցուցանիշները համեմատենք վերջին հինգ տարվա աշխարհի զարգացման , տնտեսական աճի, տարածաշրջանի նմանատիպ չճանաչված երկրների տնտեսական աճի հետ, համոզված կարող ենք ասել, որ ռեկորդակիր ենք։ Այսօր էլեկտրաէներգիա ներմուծող երկրից մենք դարձել ենք արտահանող երկիր, իսկ 2020թ. նախատեսվում է էլեկտրաէներգիայի արտադրությունը հասցնել  առնվազն 500 միլիոն կիլովատ ժամի։ Մենք պարտավոր ենք պահել տնտեսական աճի այս տեմպերը ապագայում ևս։ Ինչ վերաբերում է 2017թ.-ին, ապա երկնիշ աճ ապահովելու  համար համապատասխան նախադրյալներն առկա են։ Մի քանի օրից ամփոփելու ենք չորրորդ ամիսը, և,  նախորդ տարվա համեմատ, միջինը 10 տոկոսի շրջանակներում ավելի շատ հավաքագրում ունենք՚,- նշել է Ա. Հարությունյանը։

Կառավարությունը սահմանել է 2017թ. համար էլեկտրական էներգիայի ու բնական գազի հաղորդման  և բաշխման ցանցերում նորմատիվային կորուստների առավելագույն չափերը՝ ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ-ի համար՝ 15 տոկոս, ՙԱրցախգազ՚ ՓԲԸ համար՝ 5,1 տոկոս։ Կառավարության ղեկավարը անթույլատրելի է համարել բարձր տոկոսների կորուստները և հանձնարարել է այնպիսի քաղաքականություն մշակել, որ առաջիկա տարիներին կորուստների առավելագույն շեմը սահմանելիս այն չանցնի  12 տոկոսը։

Կառավարության 2009թ. դեկտեմբերի 30-ի N 853-Ն որոշման մեջ կատարված փոփոխություններն ու  լրացումներն ուղղված են Արցախում ներդրումների գնահատման, արտոնության տրամադրման և կիրառման գործընթացի շարունակականության ապահովմանը։ Նոր որոշմամբ շահութահարկի արտոնությունը կիրառվելու է այն դեպքում, երբ ռեզիդենտի կանոնադրական կապիտալում հայտ ներկայացնելու տարվան նախորդող 3 տարիների ընթացքում հիմնադիրի կողմից փաստացի կատարվել են 100 միլիոն ՀՀ դրամի չափով ներդրումներ, որոնք ուղղվել են արտադրական բնույթի հիմնական միջոցների ձեռքբերմանը։ Շահութահարկի արտոնությունը կկիրառվի միայն մեկ անգամ։

Գործադիր մարմինը հաստատել է գարնանացան մշակաբույսերի ցանքաշրջանառության խթանման 2017 թվականի ծրագիրը, որով նախատեսվում է ձեռք բերել և պետական աջակցության տեսքով հողօգտագործողներին անհատույց տրամադրել արևածաղկի, հլածուկի, սոյայի, կտավատի, ոլոռի, սիսեռի, լոբու, եգիպտացորենի, հնդկացորենի և առվույտի սերմեր, համապատասխան հանքային պարարտանյութեր և ինոկուլյանտ (ախտահանիչ), բանջարեղենի մշակությամբ զբաղվող անձանց՝ 1 հեկտարի դիմաց անհատույց 200 000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք ապրանքանյութեր (նվազագույնը 0,5 հեկտարի համար), ծխախոտի մշակությունից ստացված բերքի իրացման դիմաց՝ 1 կիլոգրամի համար 10 ՀՀ դրամի չափով լրավճար։ 

Կառավարության ղեկավարը կարևորել է ցանքաշրջանառության կիրառումը գյուղատնտեսության զարգացման  և գյուղմթերքի արտադրության ավելացման գործում։ Շրջվարչակազմերի ղեկավարների  ուշադրությունը հրավիրելով ծրագրի վրա՝ վարչապետը հորդորել է վերահսկել աշխատանքներն ըստ ագրոկանոնների իրականացնելուն։ Նրա համոզմամբ՝ ճիշտ մշակված դաշտերում որակյալ բերքը երաշխավորված է։

ԼՂՀ կառավարության 2013թ. սեպտեմբերի 12-ի N 608-Ն որոշման մեջ փոփոխություններից ելնելով հստակեցվել է  իրավաբանական անձանց պետական գրանցման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովի ծառայությունների ցանկը, սահմանվել են վճարների չափերը։                                                    

Գործադիր մարմնի կողմից հաստատվել են Արցախի Հանրապետության  պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա ասպիրանտուրայի մասնագիտությունների ցանկը, անվճար և վճարովի ուսուցման տեղերը և պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքներով (վճարովի) առկա և հեռակա ուսուցման մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը՝ ըստ մասնագիտությունների։

Արցախի պետական համալսարանում 2017-2018 ուսումնական տարվա ասպիրանտուրայի համար 18 մասնագիտությունների գծով հատկացվել է 18 անվճար և 9 վճարովի տեղ։

Հաստատվել են նաև ԼՂՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքներով (վճարովի) բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման տեղերը և հեռակա ուսուցման վճարովի տեղերը։ ԱրՊՀ-ում 16 մասնագիտությունների գծով սահմանվել են 130 անվճար և 180 վճարովի տեղեր, ինչպես նաև  հեռակա ուսուցման համար 45 տեղ։ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում 12 մասնագիտությունների գծով սահմանվել են 35 անվճար, 75 վճարովի և հեռակա ուսուցման համար՝ 45 տեղեր։

Կառավարությունը հավանություն է տվել նաև ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ԱՀ-ին հատկացվելիք 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության մասնագիտությունների և պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի  զեղչի կիրառման իրավունքներով (վճարովի) բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով տեղերի մասին որոշմանը։Հայաստանի Հանրապետության 12 բուհերի 42 մասնագիտությունների համար նախատեսվել են 60 անվճար և 26 վճարովի տեղեր։ Վարչապետ Արայիկ Հարությունյանը, ներկաների ուշադրությունը հրավիրելով հարցին, առաջարկել է վերանայել հայաստանյան բուհերում նպատակային տեղեր հատկացնելու սկզբունքները և այն մասնագիտությունների համար տեղեր նախատեսել, որոնք արցախյան բուհերում չկան, փոխարենը՝ առաջարկել պետության պահանջարկին համապատասխան մասնագիտությունների համար տեղեր հատկացնել, հատկապես բժշկական համալսարանում՝ շրջաններում առկա մասնագետների հարցը լուծելու նպատակով։ 

Հաստատվել է նաև ԱՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության, ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքներով (վճարովի) առկա ուսուցման տեղերը և հեռակա ուսուցման վճարովի տեղերը։

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել ԼՂՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 25-ի N 722 որոշման մեջ, որով սահմանվում է, որ, որպես չաշխատող անձ, մայրության նպաստի իրավունք ունի նաև այն անհատ ձեռնարկատերը, որի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը, քանի որ նշված անձինք օրենքով սահմանված մայրության նպաստի իրավունք նույնպես չունեն։

Միաժամանակ սահմանվել է, որ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատիրոջը մայրության նպաստ նշանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել ԱՀ ֆինանսների նախարարության կողմից տրված համապատասխան արտոնագիրը և դրա պատճենը։

Նիստում հաստատվել է վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման կարգը, որով  առաջարկվում է վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով լուծել գործազուրկների ժամանակավոր զբաղվածության հարցը։ Ծրագիրն առաջնահերթության կարգով իրականացվում է շրջաններում։ Ծրագրի իրականացման առավելագույն ժամկետը երեք ամիս է։ Հաստատված յուրաքանչյուր ծրագրի դիմաց պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվում է առավելագույնը 2 000 000 ՀՀ դրամ։ 

Նիստում հավանության է արժանացել ՙՊետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ. ծրագրի կատարման  2016թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին՚ ԼՂՀ օրենքի նախագիծը։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լ. Գրիգորյանի տեղեկացմամբ՝ շարունակվել են ծրագրի ցանկում մնացած 14 ընկերությունների ակտիվների վիճակի ուսումնասիրման աշխատանքները՝ ծրագրում դրանց հետագա մնալու նպատակահարմարության հարցը սահմանված կարգով ընթացքավորման նպատակով։ 

2016 թվականին ոչ ֆինանսական ակտիվների օտարումից (մասնավորեցումից) մուտքերը սահմանվել են 20 մլն դրամի չափով։ Կատարողականը կազմել է 47,2 մլն դրամ, կամ պլանի 236 տոկոսը։ 

Աշխատակազմի վերահսկողության ներքո շարունակվել է գտնվել թվով 20 մասնավորեցման (օտարման) գործերի ընթացքը, որոնց ընդհանուր ստանձնած պարտավորությունները ներդրումների մասով կազմել են 2 332 մլն դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով՝ 114 աշխատատեղ։ Հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի մասնավորեցման նոր պայմանագիր է կնքվել մեկ գնորդի հետ, որը պարտավորվել է ընդհանուր առմամբ կատարել  30 մլն դրամի չափով ներդրումներ և ստեղծել 7 աշխատատեղ։  

ՙՊետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ. ծրագրի կատարման  2016թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին՚ ԼՂՀ օրենքի նախագիծը ներկայացվելու է ԱԺ-ի հաստատմանը։

 

ԱՀ կառավարության 

աշխատակազմի տեղեկատվության 

և հասարակայնության հետ 

կապերի բաժին