Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի առթիվ

 Սիրելի՜ հայրենակիցներ,

Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՜ն վետերաններ,

Պաշտպանության բանակի հարգարժա՜ն գեներալներ, սպաներ, զինվորներ,

Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի առթիվ, փառավոր հաղթանակներ, որ մեր ժողովուրդը կերտել է պատմության տարբեր քառուղիներում իր քաջ զավակների ցուցաբերած արիության, խիզախության, հայրենիքի հանդեպ անձնուրաց սիրո շնորհիվ: 

Մեր լեգենդար հայրերի ու պապերի սխրանքը Հայրենական մեծ պատերազմում, նրանց ապրած կյանքը միշտ հպարտություն են պարգեւել մեզ եւ  ուղենիշ հանդիսացել մեզ համար` առաջնորդելով դեպի նոր հաղթանակներ:  Մենք ազատագրել ենք Շուշին` աչքի առաջ ունենալով հենց նրանց հերոսական օրինակը, որն անսասան հավատ է ներշնչել մեզ սեփական ուժերի եւ արդարության հաղթանակի հանդեպ, սովորեցրել լինել տոկուն ու հաստատակամ, մաքառող ու նպատակասլաց: 

Արցախյան ազատամարտը դարձավ  հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներից մեկը` լրացնելով մեր հերոսամարտերի շարքը:

Այսօր  մենք հպարտ ենք կրկնակի, հպարտ ենք, որովհետեւ ունենք նաեւ արժանի հերթափոխ, անվեհեր երիտասարդների մի սերունդ, ում համար հայրենիքի սահմանների պաշտպանությունը եւ հարազատ ժողովրդի անվտանգությունը վեր են ամեն ինչից: Նրանք մեծագույն արժանապատվության զգացումով են շարունակում իրենց նախնիների գործը` պատմության մեջ թողնելով անձնվիրության նոր օրինակներ: 

Փա՜ռք ու պատիվ մեր բոլոր հերոսներին: 

Փա՜ռք ու պատիվ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր նահատակներին:

Թանկագի՜ն հայրենակիցներ,

Այս տոնական օրը ես շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին՝ Մայր Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Մենք բոլորս միասին ենք կերտել մեր նվիրական Եռատոնը, միասին ենք հաղթահարել բոլոր դժվարություններն ու փորձությունները, միասին ենք հարթել մեր հաղթական ուղին:  Այդպես եղել է եւ այդպես կլինի ընդմիշտ: 

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու ամենայն բարիք:

ք.Ստեփանակերտ, 9 մայիսի 2017թ.