[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՅԴ ԱՐՑԱԽԻ ԿԱՌՈՒՅՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՆ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կենտրոնական և շրջանային կոմիտեների պատասխանատուներին՝ քննարկելու գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի հետ կապված որոշ հարցեր։

 Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ մշակվող հայեցակարգի նպատակն է կանոնակարգել գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը։ ՙԱրդեն բավականին ժամանակ է, ինչ իրականացնում ենք քննարկումներ հայեցակարգի մշակման ուղղությամբ և առաջիկայում, այն ընդունելուց հետո, սկսելու ենք կիրարկման փուլը՝ համապատասխան ծրագրերի և ուղեցույցների հիման վրա։ Մենք ցանկանում ենք հայեցակարգն ընդունելուց առաջ աշխատանքային տարբեր հանդիպումների և հանրային քննարկումների միջոցով առավելագույնս ընդգրկել լավագույն առաջարկությունները, քանի որ այն դառնալու է առաջիկա տարիներին ոլորտում իրականացվելիք պետական քաղաքականության հիմնական փաստաթուղթը՚,- ասել է Ա. Հարությունյանը։

Պետնախարարն, ըստ ճյուղերի, ներկաների ուշադրությանն է ներկայացրել հայեցակարգի նախագծի հիմնական սկզբունքները՝ ընդգծելով, որ պետական աջակցություն հետայսու ցուցաբերվելու է այն քաղաքացիներին, ովքեր հետևելու են նախանշված չափորոշիչներին։ 

Ելույթով հանդես է եկել նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ով, մասնավորապես, անդրադարձել է անասնապահության կանոնակարգման ուղղությամբ առաջիկայում իրականացվելիք փորձարարական ծրագրերին, ինչպես նաև ոլորտը կարգավորելու համար նախատեսվող օրենսդրական խստացումներին։

Շնորհակալություն հայտնելով Ա. Հարությունյանին ընդունելության և գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները մանրամասն ներկայացնելու համար՝ Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նշել է, որ կուսակցությունը թեմայի շուրջ քննարկումներ է անցկացրել։ Արդյունքում, հավաքագրված առաջարկների փաթեթը փոխանցվեց պետնախարարին։ 

Այնուհետև հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել պետնախարարին ուղղել իրենց հուզող հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ։ 

 

ԱՀ պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի բաժին