[ARM]     [RUS]     [ENG]

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Գնաճի ցուցանիշը կանխատեսվել է 4%-ի սահմաններում։

Պետական բյուջեի սեփական եկամուտները կկազմեն 44,600 մլն դրամ, աճը 2017թ.-ի նկատմամբ՝ 17,4%, հարկային եկամուտները՝ 43,600մլն դրամ՝ ընթացիկ տարվա նկատմամբ աճելով 17,8%-ով։ Բյուջեի դեֆիցիտը կկազմի 4,299.2 դրամ, որը ընթացիկ տարվա համեմատ նվազել է 1,395.3մլն դրամով։ Բյուջեի ծախսերը կկազմեն 100,293.1մլն դրամ՝ ապահովելով 6,2%-ի աճ։

Այս տարի ևս սոցիալական պաշտպանության ոլորտը բյուջեի ծախսային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինն ունեցող ոլորտն է՝ կազմելով ընդհանուր ծախսերի 22,8%-ը։

Ամփոփելով բյուջեի ներկայացումը՝ ֆինանսների նախարարը նշել է, որ ԱԺ խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից Կառավարությանը գրավոր ներկայացվել է 69 հարց։

ՙԱնկախ տարաբնույթ տնտեսական զարգացումներից՝ պետական բյուջեի կատարման ընթացքում կառավարությունը հետամուտ կլինի առաջադրված հարցերի մանրամասն ուսումնասիրմանը և կտա հնարավոր լուծումներ՚,-ընդգծել է Գրիգորի Մարտիրոսյանը։

Մտքերի փոխանակման ընթացքում ելույթներով հանդես են եկել պատգամավորներ Գագիկ Բաղունցը, Վահրամ Բալայանը, Վիլեն Սաֆարյանը։

Հաջորդիվ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը ներկայացրել են բյուջեի կազմում ներկայացված ԱՀ մի շարք օրենքների նախագծերի փաթեթը։ 

Գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունից հետո պատգամավորները հարցեր են առաջադրել բյուջեի նպատակային և պետական ծրագրերի վերաբերյալ։

ԱԺ կանոնակարգի համաձայն՝ խորհրդարանի նախագահը բյուջեի նախագծի քննարկումը ժամը 12։30-ին հայտարարել է ընդմիջված։ ԱԺ աշխատակարգով սահմանված կարգով՝ պատգամավորները 24 ժամվա ընթացքում բյուջեի վերաբերյալ իրենց առաջարկները կներկայացնեն ԱԺ աշխատակազմ։

Ընդմիջումից հետո օրենսդիրները շարունակել են նիստի օրակարգում առկա մյուս հարցերի քննարկումը։ ՙՍահմանադրական դատավարության մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚, ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին՚ և ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին՚ ԱՀ օրենքների նախագծերը խորհրդարանին է ներկայացրել արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը։ Ըստ հեղինակի՝ ներկայացված առաջին օրինագիծը համապատասխանեցվել է Սահմանադրությանը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով Գերագույն դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններին, իսկ երկրորդ և երրորդ նախագծերում ակնկալվում է արտացոլել սահմանադրական բարեփոխումների արդյունքում սահմանված առանձին իրավակարգավորումները։

Արդարադատության նախարարն այնուհետև ներկայացրել է պետական խորհրդանիշերին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները։ ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին՚, ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚, ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ ԱՀ օրենքների ընդունումը, համաձայն արդարադատության նախարարի, պայմանավորված է օրենքների՝ Սահմանադրությանը և ԱՀ Նախագահի հրամանագրերին համապատասխանեցնելու պահանջով։

Խորհրդարանը քննարկել և ընդունել է վերոնշյալ բոլոր օրենքները։

Ներկայացնելով ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ ԱՀ օրենքը՝ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը նշել է, որ առաջարկվում է օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում կատարել փոփոխություն՝ սահմանելով, որ փրկարարական ծառայության բարձրագույն և գնդապետի կոչումները շնորհում է Հանրապետության նախագահը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նաև կատարելագործել գործող օրենսդրությունը և օրենքի առանձին դրույթներ համապատասխանեցնել նոր իրավակարգավորումներին։

Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունից հետո պատգամավորները հանդես են եկել առաջարկություններով։ Պատգամավոր Արսեն Առստամյանն առաջարկել է վերանայել նաև ծառայության տնօրենի նշանակման կարգը։ Նախագծի հեղինակի առաջարկությամբ օրինագծի քննարկումը հետաձգել է՝ գլխադասային հանձնաժողովում լրացուցիչ քննարկելու համար։

ՙՊետական կենսաթոշակների մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին՚ և ՙՊետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին՚ ԱՀ օրենքի նախագիծը ԱԺ քննարկմանն է ներկայացրել աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը։ Փաթեթի ընդունմամբ տարբեր տեղեկատվական շտեմարանների միջև 2016-2017թթ.-ին իրականացված համադրումների արդյունքում ի հայտ բերված կենսաթոշակի ավել վճարված գումարները, որոնք պայմանավորված են կենսաթոշակառուի՝ օրենսդրության չիմացությամբ, առաջարկվում է ներել մինչև 2018թ.-ի հունվարի 1-ը։

Օրենքի փաթեթը քննարկվել և ընդունվել է խորհրդարանի կողմից։

Նախարարի ներկայացրած մյուս օրենսդրական նախաձեռնությունը ՙԱրցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին՚, ՙՀարկերի մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին՚, ՙԶինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին՚, ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին՚, ՙՊետական կենսաթոշակների մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին՚ և ՙԵկամտային հարկի մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին՚ ԱՀ օրենքների նախագծերի փաթեթն էր։ Օրինագծերի ընդունմամբ կներդրվի վնասների հատուցման հատուկ կարգ, որը յուրաքանչյուր վարձու աշխատողի, քաղաքացիաիրավական պայմանագրերով եկամուտ ստացող անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարվող դրոշմանիշային վճարների (յուրաքանչյուր անձի կողմից պետական բյուջե փոխանցվող պարտադիր վճար), նվիրատվությունների, նվիրաբերությունների ու դրամաշնորհների, ինչպես նաև այլ գումարների կառավարման արդյունքում ստացվող եկամուտների հաշվին կապահովի մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զինծառայողներին պատճառված վնասների հատուցման գումարների վճարումները։

Պատգամավորները քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել են փաթեթը։

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ  ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Ազգային ժողովը դեկտեմբերի 14-ին գումարել է վեցերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը։

 

Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է մոտ մեկ ամիս առաջ խորհրդարանում մեկնարկած բյուջեի նախագծի քննարկումներին և նշել, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո առաջին անգամ է քննարկվում բյուջեն, ինչն արտահայտվել է պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամկետի և կանոնակարգային այլ նորույթների միջոցով։

Նախքան նիստի աշխատանքներին անցնելը ԱԺ նախագահը ներկաների անունից շնորհավորել է նիստին ներկա պետական նախարար Արայիկ Հարությունյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթել ամուր առողջություն, հաջողություններ բոլոր նախաձեռնություններում և համբերատար ու եռանդուն աշխատանք։

Այնուհետև պատգամավորական լիազորությունների ստանձման կապակցությամբ երդման համար ամբիոնի մոտ է հրավիրվել Հադրութի թիվ 6 ընտրատարածքից ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված Արմեն Հրանտի Օհանյանը։

Նիստի օրակարգը հաստատելուց հետո պատգամավորներն անցել են օրենսդրական հարցերին։ Ներկայացնելով ՙԱրցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին՚ ԱՀ օրենքի նախագիծը՝ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ այն կազմվել է՝ հաշվի առնելով ԱՀ Նախագահի 2017-2020թթ.-ի ծրագրի նպատակադրումները՝ ապահովելու հենքեր կայուն տնտեսական աճի, տնտեսության գերակա ոլորտների զարգացման և բարենպաստ գործարար միջավայրի ձևավորման համար։

Անդրադառնալով 2017թ. տնտեսական աճի ցուցանիշներին՝ նախարարը նշել է, որ ստեղծված տնտեսական միջավայրը, ինչպես նաև տնտեսության զարգացման միտումները թույլ են տալիս ակնկալելու ավելի բարձր տնտեսական աճի տեմպեր, քան ծրագրել են 2018-2020թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով։ Ըստ սպասումների՝ այն կկազմի շուրջ 15%, որը վերջին 10 տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշը կլինի։ Աճը պայմանավորված է հանքային արդյունաբերության, նյութական արտադրության այլ ճյուղերի ավելացված արժեքի աճով։

Նախարարը նաև հավելել է, որ 2018թ.-ին իրականացվող բյուջետային քաղաքականությունը կբնորոշվի հետագա տարիներին միջինում 8-տոկոսանոց տնտեսական աճ ապահովող բյուջետային լուծումներով։ Այսպիսով՝ գալիք տարվա համախառն ներքին արդյունքի ծավալը կանխատեսվում է 291 մլդ դրամ՝ ապահովելով իրական աճ 8 տոկոսի չափով։ Կպահպանվի տնտեսական աճի ճյուղային կառուցվածքը, ինչը պայմանավորված է առաջին հերթին հանքարդյունաբերության ոլորտում գալիք տարվա համար ծրագրված արտադրանքի ծավալի ավելացմամբ՝ մոտ 40%-ով, և պղնձի համաշխարհային գների կանխատեսմամբ։

 

ԱՀ ԱԺ 

մամլո ծառայություն