ԱՅՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՁԵԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ
ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունները դեկտեմբերի 16-ին այցելել են մի շարք ուսումնական հաստատություններ և արտադրական ձեռնարկություններ։
Հյուրերին Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում ներկայացրել են շինարարության և հարակից ոլորտներում ուսանողների համար ստեղծված տեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև ֆրանսիական մոդելով աշխատող դասավանդման մեթոդաբանությունը։ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում պատվիրակությունը ծանոթացել է կրթօջախի ձեռքբերումներին և նյութատեխնիկական բազային, այդ թվում՝ կիրառական նշանակության գիտահետազոտական լաբորատորիաներում կատարվող աշխատանքների արդյունքներին։
Ծանոթանալով արհեստագործական ուսումնարանի և տեխնոլոգիական համալսարանի պայմաններին՝ երկու հանրապետությունների պետական այրերը կարևորել են կիրառական ուղղվածություն ունեցող կրթական այդ օջախների դերն Արցախի տնտեսության և կրթական համակարգի զարգացման գործում։
Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ կառավարությունը մեծ պատասխանատվություն է դրել այդ երկու նորաստեղծ կրթական հաստատությունների վրա՝ ծրագրելով աստիճանաբար բարձրացնել դրանց դերը որակյալ մասնագետների պատրաստման և կիրառական հետազոտությունների իրականացման հարցում։
Պատվիրակություններն այնուհետև այցելել են Թաղավարդ գյուղում գործող ՙՌեպսիդ՚ ձեթի գործարան, որտեղ նրանց են ներկայացվել 2007 թվականից գործող արտադրամասի հնարավորություններն ու արտադրատեսակները։ Ձեռնարկությունն արցախյան մաքուր հումքով արտադրում է արևածաղկի, հլածուկի ու կտավատի ռաֆինացված և չռաֆինացված ձեթ, և ընթացիկ տարում դրա համախառն արտադրանքն անցել է 2200 տոննան։
Պետնախարարը բարձր է գնահատել ընկերության դերակատարումն Արցախի վերամշակող արդյունաբերության զարգացման և տեղական հումքի իրացման գործում։ Ա. Հարությունյանը, շեշտադրելով ձեռնարկության արտադրանքի էկոլոգիապես մաքուր լինելու հանգամանքը, նշել է, որ Արցախի կառավարությունը խրախուսում է նման արտադրությունների զարգացումը, ինչը ռազմավարական նշանակություն ունի հասարակության կողմից սպառվող սննդի անվտանգության ապահովման հարցում։
ԱՀ պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին