ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԵՎ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄՈՎ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԾՐԱԳՐԵՐ

ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել երկու հանրապետությունների կառավարությունների մի շարք անդամների համատեղ խորհրդակցություն։ 

 Ողջունելով հյուրերին՝ ԱՀ պետական նախարարը կարևորել է երկու կառավարությունների միջև համագործակցության նման ձևաչափի նշանակությունը՝ տարբեր ոլորտներում մոտեցումների համադրման և պետական ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում։ Ա. Հարությունյանը հակիրճ ներկայացրել է Արցախի տնտեսության ընթացիկ իրավիճակը, միտումները և հիմնական ոլորտների առանձնահատկությունները։

ՙ9 ամսվա տվյալներով՝ մեզ հաջողվել է 2017 թվականին 16,5 տոկոս ՀՆԱ-ի աճ ապահովել։ Տարբեր բնագավառներում խոշոր նախագծեր ենք մեկնարկել, որոնք առաջիկա տարիներին պայմանավորելու են մեր տնտեսության կայուն զարգացումը։

Մասնավորապես՝ մի քանի ջրամբարներ և հէկեր ենք կառուցում, ընդլայնում ենք ոռոգման ցանցը, բարեփոխումներ ենք կատարում գյուղատնտեսության ոլորտում, խթանում ենք մշակող արդյունաբերությունը, աջակցում ենք հանքարդյունաբերական որոշ ծրագրերի։ Արդյունքում, մենք նախորդ տարիներին լուրջ հաջողություններ ենք արձանագրել՝ հիմք ստեղծելով նաև ապագայի կայուն զարգացման համար՚,- նշել է Ա. Հարությունյանը։ 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ շեշտադրելով, որ իրենց յուրաքանչյուր այց Արցախ ոգևորիչ է։ ՙԱրցախի տնտեսության զարգացման ցուցանիշները շատ տպավորիչ են։ ՀՀ կառավարությունը ծրագրում է գալիք տարիների համար տնտեսական կայուն աճի հիմքեր ստեղծել, ինչն անդրադառնալու է նաև Արցախի տնտեսության վրա։ Մենք ունենք բավականին լուրջ աշխատանքային օրակարգ, և համոզված ենք, որ բարձր արդյունքներ ենք ապահովելու միասնական ջանքերի շնորհիվ։ Մենք պետք է օգնենք մեր գործընկերներին աշխարհի արդի միտումները տեղայնացնելու Արցախի Հանրապետությունում՚,- ասել է ՀՀ վարչապետը։ 

Խորհրդակցության ավարտին ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարներ Կարինե Աթայանը և Լևոն Ալթունյանը հուշագիր են ստորագրել երկու գերատեսչությունների համագործակցության խորացման վերաբերյալ։