[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ՊԵՏՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը, որում ընդգրկված էին մշտական հանձնաժողովների նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները: 

 Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ա. Հարությունյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները՝ շեշտելով, որ դրանք հնարավորություն են տալիս առկա հարցերի շուրջ արդյունավետ քննարկումներ կազմակերպել։ Ա. Հարությունյանը նշել է, որ շնորհիվ ՀՀ իշխանությունների սրտացավ վերաբերմունքի՝ վերջին տասը տարիների ընթացքում Արցախում լուրջ հաջողություններ են արձանագրվել տնտեսության զարգացման և ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղություններում։ Նա ներկաների ուշադրությունն է հրավիրել 2017թ. Արցախի տնտեսական արդյունքների վրա, ընդգծելով, որ անցած տարիների ընթացքում իրականացված հետևողական քաղաքականության շնորհիվ արձանագրվել է ռեկորդային՝ շուրջ 15 տոկոս ՀՆԱ-ի աճ։ 

ՙՏպավորիչ ցուցանիշներով ենք սկսել նաև նոր տարին։ Այս տարվա հունվար ամսվա ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկերն ու տուրքերը, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են շուրջ երկու անգամ։ Դա հնարավոր է դարձել ինչպես հանքագործական ոլորտից ստացված լրացուցիչ հարկային եկամուտների, այնպես էլ տնտեսության մյուս ճյուղերում արձանագրված հաջողությունների շնորհիվ՚,- ասել է Ա. Հարությունյանը։

ԱՀ պետնախարարն անդրադարձել է նաև առաջիկա տարիներին նախանշված մի շարք ծրագրերի, մասնավորապես, ընդունվելիք գյուղատնտեսության զարգացման հայեցակարգին, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ավելացմանը, հայրենադարձության խթանմանը և այլն:  Պետնախարարի խոսքով՝ հատկապես լայնածավալ վերաբնակեցման ծրագրի իրականացումը շարունակում է լուրջ խնդիր մնալ, քանի որ դրա համար ֆինանսական մեծ միջոցներ են պահանջվում և, առանց համահայկական աջակցության, Արցախի կառավարությունը չի կարող ունեցած սուղ միջոցներով արդյունավետ քաղաքականություն իրականացնել։ 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և տնտեսության ընդհանուր վիճակին ծանոթացնելու համար՝ ՀՀ ԱԺ ՙՀանրապետական՚ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ շատ տպավորված են Արցախի տնտեսության բարձր աճի ցուցանիշներով, ինչը տեսանելի է արդեն բոլորի համար։ ՙԵթե տասը տարի առաջ Հայաստանում մտածում էին Արցախին միայն օգնելու մասին, այսօր արդեն Արցախը դիտվում է որպես բարենպաստ բիզնես-միջավայր։ Հարկային մեղմ քաղաքականությունը, ժամանակակից ենթակառուցվածքները, բանկային զարգացած համակարգը լիովին վկայում են դրա մասին՚,- ասել է Վ. Բաղդասարյանը։ 

Այնուհետև Ա. Հարությունյանը պատասխանել է խորհրդարանականներին հուզող հարցերին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը և ԱՀ էկոնոմիկայի նախարար Լևոն Գրիգորյանը։

 

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության 

հետ կապերի բաժին