[ARM]     [RUS]     [ENG]

Արայիկ Հարությունյանը Բեյրութում մասնակցել է ԱՐԻ-ի տարեկան ժողովին. Աղավնոյում ևս

20 առանձնատուն կկառուցվի

 Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Լիբանանի Հանրապետություն, որտեղ նույն օրը մասնակցել է ՙԱրցախ Րութս Ինվեսթմընթս՚ (ԱՐԻ)  ընկերության տարեկան ժողովին։

Պետական նախարարը Բեյրութի Հայ բարեգործական ընդհանուր միության ՙԴեմիրճյան՚ կենտրոնում կայացած ժողովում ունեցած ելույթով ողջունել է ընկերության տնօրենների խորհրդի անդամներին ու բաժնետերերին և նշել, որ անցած ինը տարիների ընթացքում ԱՐԻ-ի ծրագրերը մեծապես նպաստել են Արցախի տնտեսության զարգացմանը։ Ա. Հարությունյանի խոսքով` հայրենիքի շենացման ու զարգացման համար շատ կարևոր է ներդրումների ապահովումը, և, այդ առումով, ԱՐԻ-ի գործունեությունն օրինակելի է։

ՙՀամոզված եմ, որ տարիների ընթացքում ընկերության բաժնետերերի թիվը կավելանա, և հաջողված ծրագրերի քանակն ու ծավալները կընդլայնվեն։ Այդ են վկայում ոչ միայն կատարված աշխատանքների արդյունքները, այլև տարեցտարի նոր բաժնետերերի ներգրավումը ծրագրերում, ինչի համար ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ԱՐԻ-ի բոլոր բաժնետերերին՚,- ասել է Ա. Հարությունյանը։

ԱՀ պետնախարարն իր խոսքում անդրադարձել է նաև վերջին տարիներին Արցախում արձանագրված տնտեսական հաջողություններին։ Նա նշել է, որ անցած տարին ամփոփվել է 15,6 տոկոս տնտեսական աճով, որը նորանկախ Արցախի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ Այս հարցում Ա. Հարությունյանը կարևորել է նաև ԱՐԻ-ի ներդրումը և հույս  հայտնել, որ հետայսու ևս այն իր ծանրակշիռ մասնակցությունն է ունենալու Արցախի տնտեսության զարգացման և բնակչության կյանքի որակի բարելավման գործում։

Այնուհետև ժողովի մասնակիցներն ամփոփել են Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում բնակարանաշինության առաջին փուլի արդյունքները։ Նշվել է, որ համայնքի ՙԱրիավան՚թաղամասում նախատեսված 150 առանձնատներից 50-ն արդեն շահագործման է հանձնվել։ Երկրորդ փուլի համար ԱՐԻ ընկերության տնօրենների խորհրդի   նախապես կայացրած հինգ առանձնատների կառուցման որոշումը փոխվել է, երբ Ա. Հարությունյանը հայտարարել է, որ Արցախի կառավարությունն իր բաժին մասնակցությունն է ունենալու դրանց կառուցմանը։ Արդյունքում, նոր որոշում է ընդունվել. կառուցել 20 առանձնատուն, և ժողովի ավարտին ծրագիրն իրենց ստորագրությամբ վավերացրել են պետնախարար Արայիկ Հարությունյանը, ԱՐԻ ընկերության նախագահ Սուրեն Սարգսյանը և ՙԱրցախ ֆոնդ՚ կազմակերպության ատենապետ Մելքոն Հակոբյանը։

ԱՐԻ ընկերության տարեկան ժողովին մասնակցում էր նաև Մերձավոր Արեւելքի երկրներում ԱՀ մշտական ներկայացուցիչ Կարապետ Քեբաբջյանը։

Նշենք, որ ԱՀ պետական նախարար Ա. Հարությունյանը մարտի 13-ին Բեյրութից աշխատանքային այցով մեկնել է Ավստրալիա։

 

ԱՀ պետնախարարի աշխատակազմի 

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին