Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը ՙArmenpress՚ լրատվական գործակալությանը
- Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի գնահատականներն Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ և նրա հայտարարությունն այն մասին, որ Արցախի բնակիչները ՙԱդրբեջանի քաղաքացիներ են՚։
- Արցախի բնակիչները հանդիսանում են անկախ ինքնիշխան պետության՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներ և երբեք չեն եղել անկախ Ադրբեջանի քաղաքացիներ։
Ավելին, Ադրբեջանը չունի բարոյական իրավունք՝ Արցախի բնակիչներին համարել այն պետության քաղաքացիներ, որն իր ստեղծման օրվանից ահաբեկման, էթնիկ զտումների, զանգվածային սպանությունների նպատակաուղղված քաղաքականություն է վարում՝ ձգտելով Արցախի ժողովրդին զրկել ոչ միայն կյանքից, այլև հայրենիքից։
Արցախի քաղաքացիների հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրական վերաբերմունքի վերջին արտահայտումներից մեկն է 2016 թ. ապրիլին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ նույն պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ Արցախում ՙքաղաքացիական բնակչություն չկա՚ և ՙայն կողմում միայն դաշտ է և զինվորականներ՚՝ փորձելով արդարացնել Արցախի խաղաղ բնակչության սպանությունները։
Պաշտոնական Բաքվի արձագանքը Արցախում ժողովրդավարական գործընթացների և հանրապետության իշխանությունների կողմից իրականացված բարեփոխումների վերաբերյալ վկայում է այն մասին, որ Ադրբեջանը գոյություն ունի այլ արժեքային համակարգում, որտեղ ադրբեջանական ժողովուրդը զրկված է իր ճակատագիրն ու երկրի կառավարման ձևը ազատ և ինքնուրույն որոշելու սահմանադրական իրավունքից։