ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՎԵՐԱՆԱՅՎԻ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 25-ին այցելել է Արցախի ներդրումային հիմնադրամ (ԱՆՀ) և տեղում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել։
Պետական նախարարը, ի պաշտոնե լինելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ողջունել է գերատեսչության աշխատակիցներին՝ բարձր գնահատելով Հիմնադրամի գործունեությունն Արցախի տնտեսության զարգացման գործում։ Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ կառույցը կարևոր գործառույթ է իրականացնում ինչպես փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման, այնպես էլ` բնակչության բնակարանային խնդիրների լուծման հարցում: ՙՄեր երկրում առկա է փոքր ու միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության գործուն համակարգ, որը կոչված է նպաստելու ՓՄՁ սուբյեկտների գործունեությանն ու զարգացմանը խոչընդոտող տարաբնույթ խնդիրների լուծմանը: Դրա շնորհիվ տարեցտարի աճում է հանրապետության համախառն ներքին արդյունքում ոլորտի մասնակցության ցուցանիշը: Այսուհետ ևս կառավարությունը շարունակելու է փոքր ու միջին բիզնեսի համար նպաստավոր գործարար միջավայրի ստեղծման և ուղղակի աջակցության քաղաքականությունը՝ կատարելագործելով առկա մեխանիզմները:
Ինչ վերաբերում է մեր հայրենակիցների բնակարանային ապահովման խնդրին, ապա պետք է վերանայել հիփոթեքային գործող ծրագրերը և ավելի մատչելի պայմաններ ստեղծել քաղաքացիների համար՚,- ասել է Գ. Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ կառավարությունը շահագրգռված է ընդլայնելու Հիմնադրամի միջոցով իրականացվող աշխատանքները:
Պետնախարարը Հիմնադրամի պատասխանատուներին հանձնարարել է նաև գործող բոլոր ծրագրերի վերանայման ու դրանց արդյունավետության բարձրացման նպատակով վերլուծել և առաջիկա օրերին ներկայացնել առաջարկություններ։ Նա հորդորել է ընդլայնել տեղեկատվության ապահովման դաշտը, որպեսզի ծրագրերի մասին հանրությունն առավելագույնս տեղեկացված լինի։
Շնորհակալություն հայտնելով պետնախարարին հանդիպման համար՝ Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանը նշել է, որ իրենք հետամուտ կլինեն հանձնարարականների կատարմանը:
Այնուհետև ԱՀ էկոնոմիկայի նախարար Լևոն Գրիգորյանի և ԱՆՀ գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանի ուղեկցությամբ պետնախարար Մարտիրոսյանն այցելել է Արցախում բիզնես-միջավայրի բարելավման համար պետական ներդրումներով ստեղծված և Հիմնադրամի ենթակայության տակ գտնվող ՙՄետաքսկոմբինատ՚ ՍՊ ընկերություն: Պետնախարարը շրջայց է կատարել տարածքում, որն ամբողջությամբ վարձակալված է գորգագործության, թեթև արդյունաբերության, սննդի ոլորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների կողմից։ Ավելի քան 450 աշխատատեղ ապահովող ու դեռևս մի քանի տասնյակ աշխատատեղերի պահանջ ունեցող կենտրոնի ծրագիրը պետնախարարը հաջողված է համարել՝ ընդգծելով կառավարության կողմից նմանօրինակ նոր բիզնես-կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը։
Պետնախարարի հաջորդ այցը եղել է Հիմնադրամին պատկանող ՙԱրցախֆրուտ՚ պահածոների գործարան: Ըստ ընկերության տնօրենի՝ հումքի շուրջ 70 տոկոսը ձեռք է բերվում տեղի մենատնտեսներից, իսկ արտադրության գերակշիռ մասը՝ սպառում արտասահմանյան երկրներում։ Գ. Մարտիրոսյանը հետաքրքրվել է մթերման ծավալներով, արտադրական հնարավորություններով և իրացման շուկաներով: Պետնախարարը բարձր է գնահատել ՙԱրցախֆրուտի՚ աշխատանքը և խոստացել, որ կառավարությունը հետայսու ևս ուշադրության կենտրոնում կպահի ընկերության գործունեությունը։
ԱՀ պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին