[ARM]     [RUS]     [ENG]

Պետնախարարն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի գլխավորած պատվիրակությունը։ 

 Պետական նախարարը ողջունել է Մ. Թանդիլյանին` նախարարի կարգավիճակով առաջին անգամ Արցախ այցելելու կապակցությամբ, բարձր գնահատել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Արցախի կառավարության միջև տարիներ ի վեր ձևավորված համագործակցության մակարդակը։ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ հայկական երկու հանրապետություններում վարվող ընդհանուր քաղաքականության սկզբունքի շրջանակներում կարևորում է համաչափ զարգացման անհրաժեշտությունը՝ տեղեկացնելով, որ ՀՀ-ում սկսված բարեփոխումներն իրականացվելու են նաև Արցախում։ 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մ. Թանդիլյանը նշել է, որ Արցախի հետ համատեղ իրականացվող բոլոր ծրագրերը շարունակվելու են։ Նրա խոսքով՝ այցելության ընթացքում ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործընկերների հետ նախատեսված են համագործակցության տիրույթում ընթացիկ հարցերի քննարկման և դրանց արդյունավետության բարձրացման մի շարք հարցեր։ 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Արցախում կենսաթոշակային համակարգի զարգացման, ինչպես նաև բնակչության սոցիալական պաշտպանության արդյունավետության և սոցիալական աջակցության հասցեականության բարձրացման նպատակով հանրապետությունում ՙԱրցախ՚ համակարգի ներդրման հետ կապված հարցեր։ 

Հանդիպմանը ներկա էին ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք։

 

Պետնախարար Գ. Մարտիրոսյանն այցելել է Մարտակերտ, Մատաղիս և Թալիշ համայնքներ

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Մարտակերտի շրջան, եղել շրջկենտրոնում, ապա այցելել Մատաղիս և Թալիշ համայնքներ։

Մարտակերտ քաղաքում՝ շրջվարչակազմում, պետնախարարի ղեկավարությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն։ Վերջինիս ընթացքում շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը և համապատասխան ոլորտների պատասխանատուները զեկուցել են գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքների, դաշտերում հակահրդեհային միջոցառումների կազմակերպման, շրջանի տարածքում պետական բյուջեի միջոցներով իրականացվող քաղաքաշինական ծրագրերի մասին։ Անդրադարձ է եղել կարկտահարությունից տուժած հողօգտագործողների խնդրին, որին Գ. Մարտիրոսյանը պատասխանել է վերահավաստիացմամբ, որ կլինի պետական աջակցություն՝ դրամական փոխհատուցումների տեսքով։

Մատաղիսում պետնախարարը եղել է ՙԱրցախ ՀԷԿ՚ ԲԲ ընկերության ՙՄատաղիս-1՚ ՀԷԿ-ի տարածքում, ծանոթացել էլեկտրակայանի բնականոն աշխատանքին։ Շրջայցի ընթացքում Գ. Մարտիրոսյանն այցելել է նաև ՙGolden-fish–k՚ ընկերության կողմից օտարերկրյա ներդրումով Մատաղիսում սև խավիարի արտադրության համար կառուցված ձկնաբուծարանում, ինչպես նաև նույն բնակավայրում՝ ջրամբարի հարևանությամբ, դարձյալ օտարերկրյա ներդրումով ստեղծված հանգստյան գոտում։ Պետնախարարը տնտեսվարողներին հավաստիացրել է, որ պետությունը նախանձախնդիր է սատարելու իրենց և հետևողականորեն բարելավելու Արցախի բիզնես-միջավայրը։

Մատաղիսից ուղևորվելով Թալիշ՝ պետնախարարը դիտարկել է երկու բնակավայրերն իրար կապող ավտոճանապարհի ներկայիս դրությանը, գյուղում ծանոթացել պետական աջակցությամբ և ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ջանքերով իրականացվող շինարարարական և վերանորոգչական աշխատանքներին։ Շրջվարչակազմի ղեկավարը և Թալիշ համայնքի ղեկավարը հանգամանալից կերպով Գ. Մարտիրոսյանին են ներկայացրել 2016 թվականի քառօրյա պատերազմի հետևանքով գրեթե ամբողջությամբ ավերված գյուղի հետևողական վերականգնման և ներկայումս տարբեր տեղերում բնակվող թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքների ընթացքը։ 

Այցի ընթացքում պետական նախարարին ուղեկցել են քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը։

 

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի բաժին