[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է լիբանանցի խոշոր ձեռնարկատեր Նիկոլյա Աբու Ֆայսալին

Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է լիբանանցի ձեռնարկատեր Նիկոլյա Աբու Ֆայսալին։

 Մասիս Մայիլյանը ողջունել է Նիկոլյա Աբու Ֆայսալի այցը՝ ընդգծելով հանրապետության տնտեսական ներուժին ծանոթանալու կարևորությունը։ Նա նշել է, որ արտաքին տնտեսական կապերի զարգացումը և օտարերկրյա ներդրումների ներգրավումը Արտաքին գործերի նախարարության և հանրապետության շահագրգիռ կառույցների առաջնահերթություններից են, և այդ խնդիրների համապարփակ իրականացման նպատակով Արցախի իշխանությունները հետևողական քայլեր են ձեռնարկում՝ ուղղված հանրապետությունում տնտեսական գործունեության և ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման համար կայուն և թափանցիկ պայմանների ապահովմանը։

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը լիբանանցի ձեռնարկատիրոջն է ներկայացրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև անվտանգության և Արցախի խաղաղ զարգացման համար պայմանների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Նիկոլյա Աբու Ֆայսալը Լիբանանում գյուղատնտեսական ոլորտի խոշորագույն ձեռնարկություններից մեկը համարվող ՙGardenia Grain D’Or՚ ընկերության հիմնադիրն է։ Ընկերությունը ներկայացված է աշխարհի 50 երկրներում։