[ARM]     [RUS]     [ENG]

Պետնախարար Գ. Մարտիրոսյանը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ քննարկել է փոխգործակցության հարցեր

 Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 11-ին մասնակցել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների և ԱՀ էկոնոմիկայի ու արտադրական ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչների համատեղ աշխատանքային խորհրդակցությանը և ներկա գտնվել երկու գործընկեր կառույցների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը։

Ողջունելով նախաձեռնությունը՝ պետնախարարը հուշագրի ստորագրումը հատկապես կարևորել է էներգետիկայի բնագավառում առկա խնդիրների օպերատիվ լուծման, տեղեկատվության տրամադրման, օրենսդրության մեթոդաբանության և օրենսդրական ակտերի համաձայնեցված մշակման ու կիրառման համատեքստում։ Նրա խոսքով՝ էներգետիկ ոլորտը հանդիսանում է Արցախի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններից մեկը, որտեղ ներդրումային հնարավորությունները թույլ են տալու առաջիկա տարիներին արտահանման մեծ ծավալներ ապահովել։ 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն առանձնացրել է այցի ընթացքում քննարկման ենթակա առանցքային հարցերը։ Նրա խոսքով՝ իրենք ոգևորված են էներգաարտադրության գործում Արցախի ունեցած հաջողություններով և պատրաստ են իրենց աջակցությունը բերել էլեկտրաէնեգիայի ավելցուկի արտահանման ու իրացման հարցերում։ 

Իր հերթին ԱՀ էկոնոմիկայի ու արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը բարձր է գնահատել ՀՀ գործընկեր կառույցի հետ համագործակցության մակարդակը և հույս հայտնել, որ համաձայնագրի ստորագրումը նոր թափ կհաղորդի ընթացիկ պայմանավորվածությունների կատարմանը։

 

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի բաժին