[ARM]     [RUS]     [ENG]

Աբխազիայի արտաքին գործերի նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է ստացել Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեից Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ:

 Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է.

ՙԻրենց գործունեության տարիների ընթացքում արցախցի դիվանագետները վստահորեն ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալիզմ և մատուցել հայրենանվեր ծառայություն՝ ամենուր պաշտպանելով ազգային շահերը և ամրապնդելով երկրի դիրքերը միջազգային ասպարեզում:

Այսօր Արցախի Հանրապետության դիվանագիտությունը, առաջնորդվելով պետության կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ, հետևողականորեն շարժվում է բոլոր պետությունների հետ բազմակողմանի համագործակցության ընդլայնման ճանապարհով, որոնք, իրենց հերթին, պատրաստակամություն են հայտնում երկխոսություն իրականացնել միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն՝ փոխադարձ հարգանքի և հավասարության հիման վրա։ Չեմ կասկածում, որ սարերի ետևում չէ այն օրը, երբ Ձեր երկրի դիվանագիտությունը կհասնի արդարության հաղթանակին և Արցախի Հանրապետությունը կստանա համընդհանուր միջազգային ճանաչում։

Վստահ եմ, որ կառուցողական և արդյունավետ երկխոսության հետագա զարգացումը կշարունակի այսուհետ ևս նպաստել Աբխազիայի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև կապերի բազմակողմանի ընդլայնմանը` ի պաշտպանություն մեր պետությունների ինքնիշխանության ու անկախության, և ի շահ մեր ժողովուրդների՚։

ԱՀ ԱԳՆ տեղեկատվության 

և հասարակայնության  հետ կապերի  վարչություն